Այս էջը սրբագրված է
կիսով չափ ծածկում։ Լսում եմ ինչպես միմյանց հարցնում են, թե ովքեր են սրանք։
— Ամոթ չլինի հարցնել, ո՞րտեղացի եք,— դառնում է մեզ մի տարիքավոր կին, կուժը աղբրի տակ դնելով։
Ես պատասխանում եմ, ու մի քիչ անց՝ էլի հարցնում է, այս անգամ՝ թե ինչու ենք եկել։
— Նանի, եկել ենք բաղերին ճար խփենք,— ասում է մի կոմսոմոլ։
Նանին չի հավատում, թե այգիները դեղ սրսկելով կարելի է բուժել։
Նայում է մեզ, մեր գործիքներին ու ծոր տալով ասում.
— Է՜, դրանով բան չի լինի։ Ցավը տվովի է, ինչ կարող եք անել։
«Տվովի» ասելիս, գլուխը դեպի երկինք է բարձրացնում, ինչպես հավը ջուր խմելիս։
Նանին գնաց ու քիչ հետո մի փոքրիկ տղայի թևից բռնած հետ եկավ։
— Կարա՞ք սրան մի ճար արեք, մինուճարս է,— ասեց ու փոքրիկի շապիկը վեր քաշեց։ Երեխայի պորտի տակ մի մեծ ուռուցք կար, որից նա շատ էր նեղվում։
Ասում եմ, որ բժիջկի մոտ տանի։
— Բա դուք մի ճար չունե՞ք,— նորից է հարցնում ու զղջալով հետ դառնում։
Աղբյուրին է մոտենում մի պատանի, ծաղկատար դեմքով, ծաղկից կուրացած աչքերով։ Փայտով գետինը շոշափելով նա հասնում է աղբյուրին, մի կուշտ խմում է ու էլի հեռանում։
— Կույր է, գիշերն էլ մենակ հանդ է գնում, եզները պահում։ Տան միակ աշխատավորն է,— ասում է գզիրը որը երկու ժամ գյուղում ման գալուց հետո հազիվ կարողացել է մի լղար էշ գտնել, դեղորայքն ու գործիքներն այգիները տանելու համար։
Ճանապարհ ենք ընկնում։ Այգիները չորս վերստ հեռու են։ Պետք է բարձրանալ սարն ի վեր, իջնել, նորից վեր ելնել ու այսպես մի քանի անգամ։
Որոտում է, անձրև է գալու, շտապում ենք։ Գզիրը բզում է էշին և մերթ ընդ մերթ հետևից հրում։