Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/369

Այս էջը սրբագրված է

տարել, մի ուրիշ տեղ այգում կարասներն են ջարդվել, ոչխար է ընկել հեղեղի բերանը, ջաղացի առուն է քանդվել։ — Դրանց էշը ջրի մեջ տաշեղի նման վեր ու վար էր անում,— հայտնում է մեկը։ Մի քանի օր առաջ արտերը երաշտից խանձվում էին, հիմա էլ հեղեղն է վնասել։ — Էդ լավ եղավ, որ թրջվեցիք,— ասում է մեզ մի ալեվոր, — գյուղացու հալն իմացեք: Խորհրդի նախագահը գանգատվում է, որ մկների դեմ պայքարն ուշացնո՛ւմ են։ Ինքն այդ մասին վաղուց է հայտնել շրջգործկոմին։ Հետո պարզվեց, որ մկների մասին ուղարկված դիմումը շրջգործկոմի գրասենյակից հողբաժին է հասել... տաս օրվա ընթացքում, այնինչ երկուսի միջև միայն մի արշինանոց պատ կա, դոներն էլ իրտր կից են։

             ***

Կանցելարում կրակը թեժացնում ենք: Բաքվից նոր եկած մի բանվոր, որ հանդում թրջվել ու ցեխոտվել է, մոտենում է կրակին: — Է'հ, տասը տարի քաղաքում չարչարվես, մի քանի օր գյուղում չապրես։ Էս ինչ հալ է~ ... Սկսում է Բաքուն գովել։ _ Ութ ժամ աշխատի, եկ տանը քնի~ր, ինչքան ուզես։ Կուչ ենք եկել կրակի շուրջը։ Բոցը կարմիր լեզվակներով լիզում է ցախերն ու լուսավորում ներքնահարկ կանցելարը։ Անձրևը չի դադարում։ Դուրսը մութ է արդեն։ Քամուց խշշում են դարավոր ընկուզենիները, իսկ ձորերում հեղեղն է վշշում, ահագին քարեր իր երախի մեջ առած։ Մթի հետ զարզանդ է իջնում գյուղի վրա։ Մոթալ փափախի տակ, չիբուխին զոռ տալով, մի միտք են անում գյուղացիք. - Ինչքա՜ն վնաս տվեց հեղեղն այսօր...