Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/373

Այս էջը սրբագրված է

փութ ցորեն չի տվել, իսկ գյուղխորհուրդը հաստատում է, որ «Գալուստը գյուղիս գործկոմից ծածուկ առել ա Նախշունի բաղը»։ Քննությունը շարունակվում է, դատ է կատարվում, որին որպես արձագանք գյուղխորհուրդը վերջին անգամ գրում է, թե «Նախշունը իր այգին վերադարձրել ա Գալուստից և էլ չի ծախել իսկ ինքը գնացել ա Բաքու»։ Եվ «մեր Գալուստը» չկարողացավ «որգոց որդի ազգե ազգ» «տեր ու տիրականի» պես «տիրապետելու» Նախշունի այգուն։

  • * *

Բայց գյուղում ափաշկարա ուրիշ ավելի կարևոր երևույթներ են տեղի ունենում։ Քար ու քերծի տակ դարեր շարունակ կուչ գալուց, կածաներով, ձորերի բաշով վերուվար անելուց, գետնափոր անձավներում ապրելուց գյուղը բեզարել է, էլ չի ուզում։ Գյուղում մեծից մինչև փոքրը մի միտք են անում. «նոր գյուղատեղը ձևել ինջիների ձեռքով և ինջիները պիտի ճանապարհն այնպես վերցնի արաբա բանելու համար» ։ Ահա ինչ են ուզում այն գյուղերը, որոնք ձորերի մեջ են, ժայռերի կատարին, մթին ծմակների ետև, հարմար ճանապարհներից զուրկ, եզան արաբի կարոտ։ Տասնյակ գյուղեր ունենք այդպես, որոնք համախոսական թերթեր են կազմում, ժողովներ անում, նոր գյուղատեղը որոշում։ Մի քիչ վարկ և տեղահան կլինի հին գյուղը՝ ձորի գլխին կթողնի մամռոտած քարերով եկեղեցին խանգարված և սարահարթում կփռվի շեն ու արձակ, ուղիղ փողոցներով, կոկիկ տներով։ Ահա ինչ են գրում համախոսական թերթում• «Հավաքվելով հասարակության ժողովարանը նախագահությամբ գյուղի Գործկոմի առ աչն թե առաջին Հարցն է գյուղը ամբողջությամբ տեղափոխել դաշտը վերանորոգել նոր գյուղ բնակություն հաստատելու թե հասարակությանս և թե օրենքին հայտնի է գյուղը միանգամից անվայել անհարմար տեղ է նեղվածք դժվարին ամեն կերպ անհարմար որպես գյուղ միանգամից անունթունակ է հասարակության»։