Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/380

Այս էջը սրբագրված է

ետևում չուխան հանի, ուրիշ փափախ դնի և մասնակցի ներկայացման։

Մի կոմսոմոլ տղա կնոջ դեր է տանում, բոլորն անգրիմ են, շատ անգամ տեղական բարբառն են գործածում. «Տորթ»-ը հնչում է «Տորթն»-ի, որ շրջակա գյուղերից է։ 
Բայց և այնպես հանդիսականների անկեղծ և սրտանց ծիծաղը ձեզ էլ է վարակում։ Եվ ոչ ոքի աչքին չի ընկնում այն, որ դերասանները տրեխով են, շալե շալվարով ու խաղում են «բուրժուազի» դեր։ 
Ուշ գիշերին ներկայացումը վերջանում է։
— Թատրոնը պրծավ,— ազդարարում է գզիրը։ Ցրվում են տները նեղլիկ քարոտ փողոցներով, հանգչում են ճրագները, և մի խոր մրափ իջնում է բեզարած գյուղի վրա։ Թատրոնում դեռ ճրագ կա, մի խումբ ջահելներ խոսում են նոր ներկայացման մասին, դերերն են բաժանում, արած սխալները շտկում։ Եվ երբ հանգչում է վերջին ճրագը, ցրվելիս՝ նորակոչիկներից մեկն ասում է դերակատարներին. 
— Ընկերնե՝ր, ձեր տված էս օրվա պատիվը մենք Հուր հավիտյան մտահան չենք անի։