Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/384

Այս էջը սրբագրված է

զոքել է, չեն լսել։ Եվ մտքում մեխել է ամուր՝ փախչել բանակ, կամավոր գնալ:

— Ճանապարհից ենք ետ տվել։ Բայց միտքն էլի ծուռ ա։ Ուշքը էն ա Կարմիր բանակում։ 
Գնում ենք ժողովի։ Ցեխ է փողոցներում, խրվում ենք ցեխի մեջ, աշխատում շոր տեղով գնալ։ 
— Ընկեր, բա ծմակի (անտառի) մասին... Գազեթում գրված էր, որ թույլ են տալու։ Մեր ժողովուրդը դրա մասին շատ ա հետաքրքիր։ 
 Ասում է և ճարպիկ ոստյունով մի քարից մյուսի վրա ցատկում։ 
Եվ ժողովին էլ անտառն է խոսակցության առարկան. լրագրում գրված է, կարդացել են, ուրախացել, բայց անտառապահը առաջվա պես խիստ է ասում է, որ հրաման դեռ չի ստացել։ 
Մի ուրիշ գանգատ։ Կոոպերատիվ ունեն, բայց փող չկա ապրանք գնելու։ Մթերք՝ ինչքան ասես, բայց կոոպերատիվը դրամով է առուտուր անում, մթերք չի վերցնում՝ յուղ, պանիր, ցորեն։ Տեղում պահանջ չկա, ամեն մարդ էլ իր պաշարն  ունի, իսկ ավելցուկը սպառելու տեղ չկա։ 
— Եթե ցորենն ընդունեն, սաղ գյուղով կոոպերատիվի անդամ կգրվենք։ 
Կոոպերատիվն էլ ընդունած մթերքում վնաս է արել։ Ցորնի գներն իջել են, ձեռնտու չի համարում մթերք հավաքել։
— Մինչև քաղաք տանեմ, փութին տասը կոպեկ քրեհ եմ տալու, բա մեր օգուտը ինչո՞ւմն ա,— վիճում է վարչության նախագահը նրանց հետ, որոնք մթերք են առաջարկում։
 — Լավ, դու բյազը կապերատիրում ցից ես արել, իմ ցորենն էլ չես առնում։ Բա ես ի՞նչ անեմ, բյազիդ նայեմ, կշտանա՞մ... 
Վեճը երկար է տևում։ Վերջում համաձայնության են գալիս մթերքը հանձնել քաղաքում, շուկայի գնով։ 
- Ծմակի հարցն էլ որ էսպես վերջանար, մեր փափախը ծուռ կը դնեինք... 
Տուրքի մասին են խոսում։ Դժգոհ չեն։ Շատերը հարկաթերթ ստանալուց երկմտել են, դիմել խորհրդին, թե ինչու է