Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/389

Այս էջը սրբագրված է

ղի ամբողջ ներքինը, այն՝ ինչ առաջին ակնարկից չես տեսնում, գյուղի առօրյան պարզվում է, մերկանում, որպես վահրոտ մարմին, պլոկված կաշիով, կոշտուկներով, մի տեղ ճարպոտ, մսակալած, մի տեղ կաշի ու ոսկոր։

Ահա մի ընտանիք, որ գյուղի ծխամատյանում նահապետական գերդաստան է հիշվում, պապ ու թոռնով, շորս հարսով, սկեսուրով պառավ,— ժողովում փոքր եղբայրը, որ ինվալիդ է գերմանու կռվի, ինվալիդը կռնատ մի ձեռքով կուրծքըն է ծեծում և ետևի շարքից բղավում.
— Մեծ աղբերս ինձ ճնշում ա, նրա ձեռքին օր չեմ քաշում ։ 
Պատմում է, թե ինչպես մեծ եղբայրը հին տան միակ սենյակի անկյունում պատ է քաշել, մի հավաբուն շինել, տվել ինվալիդ եղբորը։ Տունը ոչ դուռ ունի, ոչ պատուհան, փշրված պատի ճեղքով են ներս ու դուրս անում։ 
— Էդ հարկավոր չի, էդ ժողովի բան չի,— սաստում է մի ալևոր, իսկ ինվալիդը ավելի է զայրանում, ձայնը բարձրացնում և փորձում ավելի առաջ գալ։ 
— Պիտի ասեմ, էս ժողովում պիտի ասեմ, որ բոլորն էլ իմանան։ Ես հող չունեմ, տնատեղ չունեմ, ես իմ աղբոր եսիրն եմ, նրա տան ծառան, բա հիմիկվա օրենքը էդ վեր կունի՞...
Մեծ աղբերը աչքերը ոլորում է, սպառնալից Նայում նրան։ Մոտին կանգնած մի ծերունի նրա թևից քաշում է, հրամայում լռել։
Ինվալիդը աղմկում է, ուրիշներն են խառնվում, նախագահը փորձում է կարգ պահել, չի լինում։ Մեղադրում են իրար։ Մի ճղոտված, մսերը բաց լծենցի գոռում է դռան մոտ կանգնած գյուղացու երեսին։
— Տուր է, ջրովուդ կեսը տուր ինձ, բա քեզ չորս կով լինի, դու խոտ էլ ծախես, ինձ մինն էլ չլինի՞, տուր, որ ապրեմ... Գերասիմը (ինվալիդը) ճշմարիտ խոսք ա ասում, ի՞նչ եք վրա թափվում։ 
Ապա ետ է դարձնում, նայում սենյակի կիսամութում նստած հարևաններին և ասում. 

— Սո՞ւտ եմ ասում, այ ժողովուրդ... Մի գեղում մի