Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/400

Այս էջը սրբագրված է

— Կառավարության մարդ Լ, շները պահիր,— պատասխանել են ներքևից։ — Կառավարությունն է՞լ հասավ էս քարին.— ձայն է տվել տան տերը և շներին բանտարկել գոմում: — Շնորհակալ ենք շուրայից, որ էս ձորերում դինջություն է պահում։ Բայց էլ ուրիշ լազաթ չենք տեսել։ Լսել են, որ կա շուրայի իշխանություն, դրա սարսափից են չքացել անտառի ավազակները։ Բայց Շաթրիզում շուրա դեռ չկա, ոչ էլ համն են առել։ Շուրայի իշխանության միակ ներկայացուցիչը Շաթրիզի համար անտառապահ Շաֆի բեյն է, մի հին գայլ, որ իրեն այդ ձորերում նույնքան ազատ է զգում և ինքնիշխան, որքան արջն անտառի թավուտներում։ Հիմա էլ նա բեյ է, Շաթրիզրը՝ ռահաթ։ Բեյի ձին գարի պիտի ուտի և ափսոսանքով գարու տերը պիտի նայի ձմեռվա պաշարին։ Ո՞ւմ գանգատվեն։ Առայժմ Շաֆի բեյի թաթն ավելի մոտ է, քան մի ուրիշ ձեռք, որ մի օր սուր դանակով այդ թաթն արմունկից պիտի կտրի։ Նկատելի էր, որ երկյուղով են գանգատվում։ Քաշվում էին սկզբում, հետո բացվեցին։ Իրար սիրտ էին տալիս և հազար անդամ խնդրում մի ելք, մի միջոց, իրենց ձայնը լսելի անելու ձորերից դեն, հայտնելու, որ մի ամբողջ գյուղ խեղդվում է աղքատության ճիրաններում, մարդկային պատկերն է կորցնում, արնաքամ լինում, օրն ի բուն կռվում փուշի, քարի հետ, փշերն արմատախիլ անում, գարի ցանում, եզան հետ հավասար կալը ծեծում, կրում շալակով և բեռան տակ մտածում, թե ձմռանը սոված չպիտի՞ մնան կինն ու երեխան։ Մի տեղից ինքնաեռ ճարեցին։ Գյուղում մի հատ կոտրած, ժանգոտած ինքնաեռ կա։ Մի քանի անգամ լվացին,միջից սարդի ոստայն հանեցին։ Երևի տարիներ առաջ մարդըն առաջին ինքնաեռը հնարելիս նրան այդ կերպ է պատկերացրել՝ մասերն անհամաչափ, անտաշ ու հաստ։ Կանայք փսփսոցով բաժակների հոդս էին քաշում։ Մեկը կտուրից կտուր էր անցնում' թեյի բաժակ կամ պնակ ճարելու։ Բոլորն էլ բոբիկ էին, երկար շրջազգեստով, թի-