Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/401

Այս էջը սրբագրված է

կունքին տանը գործած բաճկոն, որի ծոպերից կախ էին արծաթ դրամներ, ապակու կտորտանք, ուլունքներ։ Քայլելիս զրնգում էին արծաթ ուլունքները, բարձրահասակ էին երևում և բարակիրան, կռանում էին, նայում ինքնաեռին, փչում։ Թվում էր, թե սրբազան ծես են կատարում, ծունկ են չոքում ինքնաեռի պղնձե կուռքի առաջ և համբուրում նրա ժանգոտ ունկերը։

  • * *

Հեռանում ենք, նորից են խնդրում հողի մասին։ Ո՛չ, չեն խնդրում, աղերսում են։ Հարկավոր չեն արցունքներ, հա¬ մոզելու, որ աղերսն անկեղծ է և խորերից։ Վերջին տան առաջ, կտուրի շվաքում, պառկած է մի հիվանդ, գլխին կեղտոտ շոր, նույնքան կեղտոտ ու կարկատած վերմակի տակ։ Գլխատակին խոտի խուրձ է, վրան գառան մորթի։ Հիվանդի ոտքին վերքեր կան, ծունկը չի կարողանում ծռի։ Վեցերորդ ամիսն է' պառկել է անօգ, մտքում մահը, որ ավելի հեշտ է թվում, քան ձմռան սոված մնալու սարսափը, երբ եղունգներով էլ քերծի, Շաթրիզի քարերը մի բուռ կորեկ չպիտի տան։ Անցնում են արևոտ օրերը, կտուրի շվաքից նա տեսնում է, թե ինչպես ամպ է նստում սարի գագաթին, ամպի հետ էլ աշնան սկիզբը: Պատմում է վերքից, լաց է լինում, բայց աչքերը չեն թացանում։ Կծկում է դեմքը, շրթունքները ծռմռոտում, արագ-ա-րագ թարթում է արտևանունքները, բայց աչքերը ցամաք են։ Փոստի վրա, հիվանդի գլխավերև, նստել է դեղին մազերով մի մանուկ, թաշկինակի չափ՝ սպիտակ շապիկն ուսին։ Զարմացած մերթ մեզ է նայում, մերթ հորը և ձեռքին բռնած ընկուզենու տերևներով քշում ճանճերը հոր դեմքից։ Ահա մամը ոսկրացած դեմքով, աչքերը դեղին, ցամաքած շրթունքներով ցավի մասին է պատմում։ Կողքին կանաչ մի շյուղ. մահվանն այնքան մոտ, և միամիտ, առանց հոգս։ Մեկը մեզ ճանապարհն է ցույց տայիս։ Բարձրանում ենք մի անգամ էլ սարն ի վեր, իջնելուց, սարն իր ետև է առնում Շաթրիզր, բարձրահասակ կանանց, աղքատությունն ու երե-