Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/404

Այս էջը սրբագրված է

սև սարյակները ոստյուններ էին անում, պահվում կանաչ սաղարթի մեջ։ Իսկ մի աշակերտ գլուխը կախ, հայրսուրքից ծածուկ կարդում էր ծնկների վրա դրած «էրֆոլրտի ծրագիրը»։

Գարնան այդ օրերը... դուք ամեն օր ցեխապատ պարիսպների վրա ճեղքեր էիք տեսնում, անցքեր, որ ձեզնից ծածուկ ձեր աշակերտներն էին փորել (դուք նրանց «սան» էիք ասում) և անտառ փախել, քանի որ երկաթի .դռների մոտ կանգնած մշեցի Աբրոն սրբազան տեսչից հրաման էր ուզում։ 

Սարերի հողերում այժմ բամբակ են ցանում։ Գիտեմ,որ այժմ էլ զարմանում եք, թե ինչպես շոգեգութանի փայլուն խոփերը փափուկ հողն են շուռ տալիս։ Սիրում էիք արորը՝ մի զույգ գոմեշ լծած, մաճկալին՝ կեղտոտ թաշկինակը ճակատին, ճիպոտն օդում ճոճելով։

Եվ երբ լծի վրա նստած, բեզարած մի երգ էր մրմռում, դուք ժամերով կանգնում, նայում էիք նրան։ Ձեզ այնպես էր թվում, թե դեռ ողջ են ոստանիկ իշխանները, դուք լսում էիք, թե ինչպես արքայազնի բատրակները արարատյան շամբուտներում վարազին են հալածում։ 

Մարմրին էր տալիս արևը, այնքան ցածր էր խոնարհվում, ասես թաղվելու է տափարակի եղեգնուտում, ամպերն արևմուտքում վառվում էին, մեկը՝ ծիրանագույն, մյուսն արնա գույն, կապույտն անափ ծոփի նման էր երևում, հուր-հուրին տվող ամպերը գունավոր կղզիներ։ Դուք նայում էիք, և ձեր շրթունքները իրիկվա աղոթքի պես կրկնում էին. 
— Ո՝ տայր ինձ զիուխն ծխանի ու զառավոտն նավասարդի... 

Իմ խեղճ ու միամիտ վարժապևտ, այդ ձեր սիրած հնօրյա երգն էր։ Եվ երբ դառնայիք, լճի ափին, լորիների տակ հաստ հատորի էջերում խորասուզված ձեր «սան»-ին դուք պիտի  պատմեիք Փավստոս Փյուզանդից, և ձեր դեմքին երանության ժպիտը պիտի փայլեր, մայր մտնող արևի պես։ 

Ասում են այժմ, երբ տրակտորն եք տեսնում, դուք շրջում եք ձեր երեսը և տուն վերադառնալուց պատուհանից նայում Արարատյան դաշտին։ Լորենիներ չկան լճափին։ Լինեին էլ, նրանց շվաքի տակ դուք չէիք տեսնի և ոչ մի «սան», որին պատմեիք Փավստոս Փյուզանդի մասին։