Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/407

Այս էջը սրբագրված է

րից, ավազի վրա գծում էիք կորած քաղաքներ, գովում Բասենը, Ալաշկետրը, որտեղ երբեք դուք չեք եղել։ Մեր մանկական հոգիներում ձեր բառերը տղայական երազներ էին ծնում, և մեր ձեռքին բռնած կերոնները մեզ զենք ու նիզակ էին թվում ։

Ահա ծառուղին... «վեհափառը օրհնում է հայ կամավորներին»։ Դուք լալիս էիք, իսկ մենք ուրախ էինք, որ այդ օրը դաս չպիտի սերտեինք, դուք մեզ չպիտի պատմեիք, որ «Մեծն Բրիտանիան հարուստ է պողպատով ու քարածուխով», երկրորդ ժամին մի ուրիշը չպիտի ասեր Բրքիշո կաթուղիկոսի վարքը։

Դուք շատ անգամ եք պատմել, որ Անգլիայում պողպատու քարածուխ շատ կա, և երբեք չեք պատմել նրանց մասին, որոնք հալում են երկաթ, զոդում պողպատ։ Եվ ինչքան հեռու էձեր պատմածը մեր օրերի անց ու դարձից, մեր գալիքից։

Հրճվանքից լալիս էիք և չէիք նկատում, թե ինչպես վառած կերոնները թեք էինք պահել, որ մոմը չկաթի մեր շորերին։ Այդ օրը մշեցի Աբրոն էլ էր բացակա, և մենք իրիկվա դեմ անտառում գիժ մոզիներ էինք։

Վանքի մոտ մարմար գերեզմանաքարեր կան։ Գաղթական երկու բիձա քիսաներից ղույլասար թութուն հանեցին, թութունից մի քիչ թափվեց մարմարի վրա, և երբ բիձան ճաքճքած մատերով հավաքեց թութունը, նրա աչքին չընկավ քարի գիրը՝ «Նվազող վշտից հայրենյաց»։

Ես ձեզ պատահմամբ տեսա։ Նստել էիք կամարի շվաքում, նայում էիք առվի ջրին։ Անշարժ էիք ձուլածի պես։ Ասես տարիներ առաջ նստել եք այդ կամարի տակ ու գիշեր ցերեկ նայում եք առվի ջրին։

Պառավ ձկնորսն էլ այդպես նստում է գետի եզրին, ժամերով աչքերը չռում, հառում մի կետի։ Եթե ձեզ այդպես նկարեին, իրավունք կունենային նկարի տակ գրելու «Հոգու խաղաղ խանգարում»։

Դուք ինձ իսկույն չճանաչեցիք, բայց երբ հայտնեցի ազգս, «հիշում եմ» ասացիք, ժպտացիք։ Ձեր բերանի խոռոչում ևս ոչ մի ատամ չտեսա։ Երևի դրանից էր, որ խոսելիս դուք բառերն ասես լնդերքի տակ ծամում էիք, լեզվով հրում։