Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/412

Այս էջը սրբագրված է

մարագիս ո՞վ ա տիրանալու։ Թողնեմ, որ շուն ու գել ցրիվ տա՞ն... Մի րոպե շունչ առավ, հետո ավելացրեց.

 -Գա, երեսի ջրով եղածն իրան տամ, ինձ էլ պարտակի

հողում, հետո գերեզմանիս ուշունց չտա։ Գյուղում կալ ու մարագ ունի, թթենու այգի, երկու կով, մի եզ։ Կինը գարունքին է մեռել, էլ ոչ ոք չունի, որդուց բացի։

— Դե նամակով գրեիր էլի,— ասաց ընկերս։

— Նամակը իմ խոսքիս չի հասնի, որ կանգնեմ, երեսին ասեմ... Եվ համարյա թե ասաց այն, ինչ մտքում որոշել էր որդուն ասել Տաշքենդ հասնելուց։ Խոսքից երևաց, որ նա տըրտնջում է որդուն ուսում տալուց։

— Կողքիս նստած կլինեիր... էդ բոլորը գրքի սևն ու

սպիտակը արեց։ Նրան դժվար էր և՛ խոսել,և՛ ձորով բարձրանալ։ Դժվար էր նաև քայլել ձիերի հետ, թեկուզ ձիերն էլ կամաց էին փոխում ոտքերը։ Մի քիչ հետո մարդն սկսեց ետ մնալ։ Մեր և նրա միջև տարածությունը աննկատ շատացավ, չգիտեմ լսե՞ց նա մեր մնաս բարովը։

Մի անգամ էլ իջանք, մի այլ ձոր անցանք, բարձրացանք

և ուշ Գիշեր լուսնի լուսով դիմացի գյուղը տեսանք։ Շան հաչոցը մեզ ամայի ձորում թվաց որպես քաղցր կանչ։

Տան տերը ճրագը վառեց։ Ճրագի տակ գետնին փռած

կարպետը տեսանք և ջարդված, բեզարած պառկեցինք կարպետի վրա։

— Տեսնես հիմի որտեղ է էն մարդը,— ասաց ընկերս։
— Բա աղվեսը կույր աչքերով,— ձայն տվավ ծերունի

անտառապահը սենյակի մյուս անկյունից։

Մութ ձորեր, անտառ, նեղ արահետ... Աղվեսը թաթով

արնոտ աչքերն է սրբում։ Մի մարդ դանդաղ քայլելով գալիս է կանգնում, շունչ առնում, արահետով բարձրանում։ Կատարի խաչի քարանձավում գիշեր-ցերեկ անհայտ ակնից պղտոր ջուր է կաթում, կորչում քարերի մեջ։