Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/414

Այս էջը սրբագրված է

Մյուսը խանգարում է սկեսրոջ խոսքը, մի կապոց ձավար ու չորաթան մեկնում հարսին՝ հանձնելու իր աղջկան, որը նույն քաղաքումն է ապրում։ Այդ կինը ուրիշ պատվերներ էլ է տալիս. սկեսուրն առիթից օգտվելով, մոտենում է ու հազարերորդ անգամ համբուրում թոռան թշերը։ Համբուրում է այնպես պինդ, որ պռոշների տեղը կարմրում է։ Իսկ տղան ֆուրգոնում դարսած իրերի վրայից նայում է նրանց, որոնք խռնվել են ֆուրգոնի շուրջը:

Ձիերն իրար բաշ են շոյում, զրնգում են նրանց վզից կախած զանգուլակները:

- Դե′, շուտ, եդացանք, օրը մթնեց,— կանչում է ֆուրգոնի տերը բլրակով արագ իջնող մեկին, որը հենց ճանապարհվելու ժամանակ հիշել էր իր մի բարեկամին, ետ վազել նրան էլ տեսնելու։

Գնացողներին բոլորն են սիրտ տալիս, գնացողները իրենց վերջին ցանկությունն են հալանում, որ հետո .սրբությամբ պիտի կատարեն գյուղում մնացողները և ամեն անգամ հիշելիս թառանչ քաշեն։

Մի կին ֆուրգոնի ճաղերին մոտեցավ, մեկը ներսից կնոջը մոտեցրեց երկու տարեկան երեխայի ճաղերի ետևից մանուկը բանտարկյալի էր նման։ Սակայն բանտարկյալը ժպտում էր, թաթը մեկնում կնոջը։

Բլրակով արագ իջնողը մոտեցավ, տեղավորվեց։ Ֆուրգոնի տերը մտրակը շարժեց, ձիերը ուժ արին, ֆուրգոնը շարժեցին։ Կանչերը, ձեռքի շարժումներն ավելի շատացան։ Մեկը բարձրաձայն հեկեկաց։ Մի քանիսը կախ ընկան ֆուրգոնի ետևից և այդպես նորից կրկնեցին այն խոսքերը, որ շատ անգամ էին ասել։

Կինը ֆուրգոնը շարժվելիս քայլեց հենց ֆուրգոնի հետ։ Ետևի մեծ անիվը դառնում էր, երբեմն քսվում կնոջ շորերին։ ճաղերի ետևից երևաց մանկան գլուխը։ ներսից մի ձեռք կռացրեց նրան այնքան, որ մայրը համբուրեց, ձեռքերը փաթաթեց նրան, իսկ ֆուրգոնը շարժվում էր, ետևի անիվը երբեմն քսվում էր կնոջ շորերին, ֆուրգոնի հետ քայլում էր և կինը։

Ետևից մեկը կանչեց, որ հերիք է։ Կինը հեռացավ, ֆուր-