Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/42

Այս էջը հաստատված է

ԻՎԱՆ ԲԵՅԸ

Գավառական մի քաղաք. լայն և ուղիղ փողոցներ, կանաչ խոտ մայթերի վրա, տների առաջ բոստաններ և բարձր, ստվերախիտ ծառեր, որոնց շվաքի տակ իրիկվա հովին նստում են հարևան կանայք, զրուցում, մինչև նախիրը հանդից գա, կիթ անեն, թեյ գցեն ու թեյից հետո խաղան նարդի, հետո՝ խոր քուն, մինչև լուսաբաց, մինչև նոր կիթ։

Մի քաղաք, ուր այսօր երեկվա պես է, վաղն էլ դժվար թե մի բան լինի։ Մի խուլ անկյուն, ուր ավտո տարին մի անգամ է գալիս, փողոցներում մարդ էլ չկա, որ անցնելիս դիպչես։

Լեն ու արձակ, տան կարած վերմակի պես, իրա քեֆին քաշվել է սարերի ետև, միտք էլ չունի մեծ քաղաքին միանալու։ Զարթնում է արևի հետ, մի քիչ շարժվում և երեկոյան նարդուց հետո քուն մտնում։

Այդ փոքր քաղաքում մի խուլ փողոց… տասներկու տան։ Իրար լավ գիտեն, հարևանի աքլորն էլ են ճանաչում ու գիտեն, թե դրկիցն այսօր ճաշին ի՞նչ է եփել կամ ինչպես երեկ նրանց տանը մի բաժակ ընկավ, կոտրվեց։

Այդ խուլ փողոցում՝ դարձյալ կանաչ խոտ, ցածլիկ տներ, պատերի տակ բանջար վայրի, ցերեկվա տոթին հաճելի շվաքարան նախիրից փախած հորթերի համար։

Մի պատյան, որի մեջ քաշվում է խխունջը, հենց որ անդուրեկան մի ինչ է շոշափում։

***

Իվան բեյի տունը այդ խուլ փողոցի տներից մինն է։ Տան