Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/433

Այս էջը սրբագրված է

ՕձԻ ԲԵՐԱՆԻՑ

Երբ պատմում էին ինձ այս ամենը, կասկածում էի, Որ գուցե թե դեպքերը շփոթում են իրար, գույները մի քիչ խտացնում և ավելի հնարում, մանավանդ, որ մենք զրուցում էինք շատ գեղատեսիլ մի բլրակի գագաթի վրա, որի մացառապատ փեշերն իջնում և խոր անդունդ ձոր են գոյացնում, այնքան են մոտ իրար, որ քարայծն էլ* կարող է ցատկել։ Եվ խոր ու նեղ ձորում մռռալով, քարերն իրար տալով անցնում է Մարցի գետը բաց արնագույն ջրով, որովհետև ակունքների մոտ կարմիր ու մսոտ հողեր կան:

Չատի բիձան էր ասում, թե ինքը շատ պարզ հիշում է այն ժամանակները, երբ պախրաները սուրուով էին դալիս և հենց մեր նստած տեղում արածում։ Այն ժամանակ անտառների մեջ կորած այդ գյուղն էլ, ինչպես ալևորն էր պատմում, մոլորած պախրայի պես էր…

Ահա դրա համար էլ հենց թեկուզ Չատի բիձու պատմածից շատ բան ինձ անհավատալի էր, միամիտ առասպել վաղուց անցած այն ժամանակներից, երբ սպիտակ պախրաները լուսնյակ գիշերներին խոտ պոկոտելով, իրար պոզահարելով անցնում էին այն անտառներով ու ձորերով, ուր հիմա շեն ու բարեկեցիկ գյուղեր կան ու ձորի միջով էլ օձապտույտ կեռմաններով վագոններն են անցնում, որպես ուլունքի շարան։

Ու երբ մեզ հետ նստողներից մեկը տեղից վեր կացավ ու ինձ մ ուռենալով հետ քաշեց շրթունքներն ու ցույց տվեց ջարդուփշուր եղած, տեղ֊ տեղ սևացած ատամների շարքը և