Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/443

Այս էջը սրբագրված է

միայն իր հոտին էր սազական։ Եվ եթե նրան չէր հաջողվում ուզածն անել, տուգանք էր գրում, միևնույն ժամանակ իմաց տալիս, որ եթե կնոջն ուղարկի իրեն մոտ, կարող է տուգանքը ջնջել։ Մի անգամ աչքն ընկնում է մեկի կնոջ: Հետևում է, և այն րոպեին, երբ միամիտ կինն աղբյուրն է գնում, թաքստոցից դուրս է թռչում, փորձում նրան բռնել: Սարսափահար կինը փախչում է։ Հենց նույն օրն էլ Ռոստոմն իմաց է տալիս այդ կնոջ ամուսնուն, որ պրիստավին արդեն մատնել է նրանից գանձվելիք տուգանքի, մասին։ Մարդ են մեջ գցում և միայն նրա միակ կովն առնելուց հետո Ռոստոմը համաձայնվում է տուգանքը զիջել: Իսկ կովին կոչում է նրա կնոջ անունով։ Լինում են մարդիկ, որոնք փորձում են նրան համոզել, որ խալխի նամուսին ձեռք չտա, լավ չի վերջանա, արյուն կխաղա մեջտեղ։ Ու միշտ նույն պատասխանն էր տալիս. — Առաջի գնդակը թող ես արձակեմ… նրանից հետո ինչ ուզում է թող լինի: — Էլ առաջվա լղար ձիով չէր ման գալիս։ Նրա տակին հրեղեն մի ձի էր, որի նմանը չկար ամբողջ շրջանում։ Զույգ սանձերով հազիվ էին կարողանում գլուխը պահել։ Ու եթե վրնջար, ձորերն արձագանք էին տալիս, իսկ թռչելուց պայտերը զրնգալով դիպչում էին քարերին և կայծեր էին թռչում սմբակներից։

Շամուտ գյուղում Դայնանց պառավի հետ պատահածը մինչև հիմա էլ բերնեբերան են պատմում: Ռոստոմը նրանց հին ծանոթն էր և առանձին շնորհ էր համարում իր հին ծանոթի տանն իջնել։ Մի օր էլ, երբ հյուր է գալիս նրանց մոտ, ձին տանում են գոմում կապում, իրեն էլ հյուրասիրում։ — Երբ քնից զարթնում է, գնում է գոմը ձիուն նայելու։ Տեսնում է, որ իր կապածը չի։ — Պառավ, էս ձիու գլխով մի բան է անցել… սրան ուրիշ ձիու վրա են քաշել… Պառավը երդվում է, որ ինքը տեղեկություն չունի, գոմն էլ չի եկել։ Անցնում է մի տարի, և հանկարծ Ռոստոմին լուր են բերում, որ Շամուտում մի ձի քուռակ է բերել, քուռակը նրա ձիուցն է, նրա նման։ Երբ ստուգում է և քուռակը տես-