Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/445

Այս էջը սրբագրված է

մեզ մի մարդ պատահեց, հարցրեց, թե ինչ մարդիկ ենք… մի քիչ միտք արեց ու ինձ թե' բիձա, ձեր գյուղում թվանք կճարվի՞ ես էլ ասի, բա առանց թվանքի դյուզ կլինի՞… թե մի կտրիճ աղա չկա՞, որ նրա փորը ծխով Լցնի, ազատի ձեզ… ասեց ու ձին մտրակեց… իսկի չիմացանք էլ թե ով էր։ Անցնում է երկու-երեք ձմեռ։ Ցուրտ մի գիշեր, երբ բուքը պտույտ էր տալիս կտուրների վրա և երդիկներով ձյուն թափում, երբ գայլն անգամ դուրս չէր գալիս իր թաքստոցից, Մարց գյուղում մի ձիավոր ծեծում է քարափի գլխին կուչ եկած տնակի դուռը, ներսում ոչ լույս կար, ոչ էլ շունն էր հաչում։ Ձիավորը ձին կապում է դռնակից, բարձրանում թամբի վրա, ապա պատի գլխով թռչում։ Ձիավորը վանքապատական անտառի պահակներից էր, որ Ռոստոմի հրամանով այդ բուքին եկել էր տանտիրոջը վանքի տունը կանչելու քննության, քանի որ անտառից գողացած գերանների հետքերն անհետանում էին հենց նրա տան մոտ։Տանը վայնասուն է բարձրանում։ Տկլոր երեխաները դուրս են թափվում վերմակի տակից։ Հիվանդ հայրը խնդրում է պահակին, որ կգա լույսը բացվելուց, որ հիմա ուժ չունի տեղից վեր կենալու։ Դուռը մի անգամ էլ է բացվում, բուքը ձյուն է շպրտում, և երեխաները տեսնում են, թե ինչպես յափունջավոր մի մարդ մոր թևից բռնած դուրս տարավ։ — նրան գերի էին տարել, որ առավոտը մարդը գնար վանքի տունը…

Երկու շաբաթ չանցած անտառի ճանապարհին երեք անգամ կրակում են։ Եվ մինչև անտառապահները գյուղից դուրս կվազեին կրակոցի վրա, գետի մյուս ափին, անտառի միջից վրնջալով դուրս է փախչում սպիտակ ձին' Ռոստոմի արնոտ դիակը թամքից կախ ընկած, մի ոտքն ասպանդակի մեջ։ — Համարյա չիմացանք, թե ով սպանեց նրան։ Երեք հոգի են եղել, ձյունի վրա ոտնատեղերը տեսանք… Ծառի տակ փոս էին արել, նստել… Շատ էլ պապիրոս էին քաշել. մենակ էն, որ տունը քարափի գլխին էր… Եփրեմ էր անունը… երեքից մին նա էր… էն երկուսը մ ինչի օրս էլ չիմացվեց։ Հենց դրանով էլ Եփրեմի տունը փչացավ… պատերը մնում են