Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/446

Այս էջը սրբագրված է

քարափի գլխին… կնիկը գարունքվա դեմ մեռավ․ երեխեքն էլ բարեկամներ տարան․ մեծ տղան հիմա զինվորության մեջ է — Իսկ Եփրե՞մը,— հարցրի ես — Էդ գործով փչացավ։ Եկան քննություն արին. անասելի չարչարանք քաշեցինք։ Կալմեջ էին արել մեզ ու տավարի նման պլետով վեր էին հատում, Հրես սրա ատամները էն ժամանակ փշրեցին Սևքարեցի մի ուրյադնիկ կա, անունը Սահակ:Նրա նման անխիղճ ծեծող հավատա, որ ամբողջ Կավկազահողում չլիներ։Տանում են Եփրեմին, հարևան գյուղիցն էլ նոր պսակված մի երիտասարդի, որ, ինչպես Չատի բիձան էր ասում,մի գյուղ արժեր՛ աշխատավոր, խոնարհ ու համեստ… Տանում են պրիստավի մոտ, քննություն են անում, երկուսին էլ ուղարկում բերդ։ Բայց տեղ չեն հասնում… Ռոստոմի մարդիկ վրա են տալիս և երկուսին էլ թրերով մորթում, գլուխը մի ձոր քցում, թևը' մի։ Ահ ու դողով հարազատները սիրտ են անում գնալ և ձորերից հավաքել թրատված մարմինները։ Միայն երիտասարդի գլուխը չեն գտնում, իսկ մյուսի մարմնից էլ գայլերը պոկոտել էին կրծքի մսերը։ է՜… ոնց անց կացան էն օրերը։ Ով կհավատար, թե մեզ համար էլ մի օր լույս է բացվելու: Օձի բերանից մեզ ազատեցիք… Երևի կարդացած կլինես, որ էն վտղ ժամանակներում ճորտ ու պարոն են եղել… Մենք ճորտ էինք, պարոնն էլ հո խիղճ չուներ… Ազատությունը որ եկավ, մի գիշերում վանքի տունը ցրիվ ավինք, քարերը ձորը թափինք: Էն օրվանից թավադի հետքն էլ չքացավ, վանքինն էլ… Իջանք բլրակից։ Մութն էր, և ամառվա աստղալույսի տակ հազիվ կարելի էր նշմարել ճանապարհն ու քարերը։ Ինչքան իջնում էինք, այնքան խլանում էր Մարց գետի աղմուկը ասես գետն էր ավելի խոր թաղվում։ Չատի բիձան առաջից էր քայլում, փայտով գետինը շոշափում, քարը փոսից որոշելու: Իսկ ներքևում պլպլում էին գյուղի մարմանդ ճրագները։