Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/45

Այս էջը հաստատված է

Այնքան մոտիկ, այնքան հարազատ էին թվում օրերը, որ անցան։ Երազ էր, ասես չէր եղել…

* * *

— Իվա՜ն, դե եկ էլի, սամավարը սառավ,— ձայն էր տալիս կինը ներսից։

Իվան բեյր տնքալով վեր էր կենում տեղից, թազբեհը պահում գրպանում և դարպասով ներս մտնում։

Ամեն իրիկուն դարպասի երկաթ կապն ինքն էր գցում ու մի քար էլ դռան դեմ անում։ Առաջ հեշտ էր քարը տեղից ժաժ տալ. կոներում ուժ կար, տանը ծառա կար։

Դարպասն ամրացնելուց հետո պարտեզի դռան պիտի նայեր ու տեսներ, թե պառավը չի՞ մոռացել հավաբունը ծածկել։ Հետո տնքալով բարձրանում էր գերանները փտած սանդուղքով, նստում սեղանի առաջ և դեղնած, կաշին կուչ եկած ձեռքերով պինդ բռնում տաք բաժակը։

Իվան բեյը մի փոքրիկ կտոր շաքար էր դնում լեզվի վրա և ծպացնելով թեյը կում-կում խմում, կում անելիս գլուխը բարձրացնում, իջեցնում։

Իսկ կինը միշտ թոնթորում էր, թե էլ առաջվա թեյը չկա, կամ միսն է լղար, կամ էլի մուրաբի պատմությունն անում։

Թեյից հետո Իվան բեյը սովորություն ուներ հին ժուռնալներ նայելու։ Եվ անպատճառ ակնոցը պիտի դներ քթի ծերին ու պատկերին նայեր ակնոցի վրայից։

— Այ թե հա՜,— ասում էր երբեմն, նրա փոքրիկ, ջրակալած աչքերը ժպտում էին, մատը դողալով դնում էր նկարի վրա և պառավին ցույց տալիս այն, ինչ հազար անդամ տեսել էին միասին։ Հետո շրջում էր նկարը, մի ուրիշը բաց անում և էլի ուրախացած ասում.

— Ա պառավ մի տես է՜…

Հետո պառավը ժուռնալն իր տեղն էր դնում, իսկ Իվան բեյը հանվում էր քնելու։ Բայց առաջվա քունն էլ չկար. անկողնում տապակ-տապակ էր գալիս, օֆ անում, մի կողքից մյուսը դառնում ու հանկարծ, միտը մի բան ընկնելուց, պառավին զարթնեցնում էր, ասում թե.

— Էգուց իմ պալտոնիս էն կոճակը կարի, այ պառավ։