Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/46

Այս էջը հաստատված է

Իվան բեյի վերարկուն…

Օձիքը մաշված, վրան մի մատ չորացած քրտինք ու կեղտ, որ փայլում էր մոմած հատակի պես։ Իվան բեյը վերարկուն ուսին էր գցում կամ մի թևը հագնում, իսկ մյուս ազատ թևով վերարկուի տակ էլի թազբեհի հատիկները գլորում։

Այդ տեսքով թևը ջարդած սագի էր նման Իվան բեյը, մի պառավ սագի, որ լնգլնգալեն է գնում ու կախ ընկած թևը գետնի վրայով քարշ տալիս։

Քսան տարուց ավել էր, որ այդ վերարկուն նրա ուսին էր։ Պարգև էր ստացել իր մի վաղեմի ծանոթից։ Այնքան պսպղան կոճակ կար վրան և այնպես լավ էր սազում այդ վերարկուն Իվան բեյին։

Երբ թագավորը գահընկեց եղավ, Իվան բեյը գոմի մի անկյունում թաղեց արքայական նկարները և իր պղնձյա կոճակներն էլ մի ամանի մեջ լցրեց ու թաղեց նկարների հետ։

Այն օրվանից նա սովորույթ էր դարձրել վերարկուի մի թևը հագնել, իսկ մյուս ձեռքով վերարկուի տակ թազբեհի հատիկների հետ խաղալ…

Իվան բեյը ծառայում էր։

Ո՞վ էր, խղճացել էր նրան և տեղ տվել մի հիմնարկի արխիվում։ Նրա պաշտոնն էր արխիվը կանոնավոր պահել։ Հիմնարկում առավոտյան նրանից կանուխ եկող չկար։ Ամեն առավոտ նա իր ձեռքով պիտի սրբեր թանաքամանը, գրչածայրը մաքրեր թղթով, ապա շտկեր աթոռն ու փալասի կտորը, որ աթոռի վրա էր դնում, տեղն ավելի փափուկ լինելու համար։

Հետո սկսվում էր Իվան բեյի աշխատանքը։ Եթե մեկը նայեր նրան, անշուշտ, կմտածեր, թե Իվան բեյը սովորական մի գործավար չէ, որ համարագրում է արխիվը հին, այլ ուսյալ գիտնական, որ դեղնած, մգլոտած թղթերի մեջ փնտրում է վաղուց մոռացված վավերագրեր։

Իվան բեյի ձեռագիրը…

Ասես ավետարան արտագրող, մաքրակրոն դպիրի գիր