Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/48

Այս էջը հաստատված է

կոկարդով, մեծ բեղերով, ակնոցավոր և առանց ակնոց, քեֆ սիրող, որսկան, ձիարշավի սիրահար։ Պառավի մաշված միտքը կառչում էր մեկին, փոշին թափ տալիս, մոտեցնում աչքերին, ավեչի լավ զննում։

— Էն, որ մի գիշեր մեր բալկոնից քիչ մնաց ընկներ…

— Հա՛, հա՛. խմել էր, ուշունց էր տալիս օրհնածը…— ասում էր Իվան բեյը, և երանության ժպիտը դեմքին խաղում էր, մայր մտնող արևի պես։

Պատմում էր Իվան բեյը, որ այդ օրը արխիվի թղթերի մեջ նրա գրածն է կարդացել՝ ուղղած գավառապետին, մի թուրքի տուգանելու մասին։

— Գրագիրն էլ էն ժամանակ Սարգիս աղան էր։

Հետո զրույցը խորանում էր, և եթե մի բան նրան չսթափեցներ, Իվան բեյը չէր էլ նկատի, որ խոսում է։

Այդպիսի դեպքերում կինն էր նրան սթափեցնում, էլի դժգոհում, որ մսի հետ ոսկոր շատ են տվել կամ թե հավաբունի տախտակը կոտրվել է, պետք է նորոգել։

Իվան բեյի մտքի թելը կտրվում էր, չքանում էր հինը, անիմաստ հայացքով նայում էր ապուրին՝ կարծես ուզում էր ստուգի, թե իրո՞ք մսի հետ ոսկոր շատ են դրել։ Մի քանի անգամ գդալով ապուրն էր խառնում և մի բան ասած լինելու համար դառնում էր կնոջը.

— Ա կնիկ, կերակուրն էսօր աղի է…

Սակայն այդ չէր մտքինը։ Այդ ավելորդ խոսք էր, հենց այնպես։

Մռայլվում էր Իվան բեյի դեմքը, ասես թունդ հարբելուց հետո քնել էր խոր, ինչպես առաջ, և զարթնել թթված դեմքով։

Առաջ վա՜յ եթե մեկն այդ ժամանակ նրան խնդիրք աներ։ Քիթ ու մռութը կծռմռեր, կխոսեր կոշտ ու բարձրաձայն, իսկ դիմացինը՝ մի գյուղացի անօգ, գլխաբաց, գդակը թևի տակ, կկռանար, գլուխ կտար, ձեռքերը կրծքին, ինչպես պառավ կանայք են կանգնում գյուղի եկեղեցու սևացած խաչքարի առաջ։

Մռայլվում էր դեմքը և էլի հին հարցն էր տալիս իրեն, ծանոթ հարցը, որ կրծում էր նրա ուղեղը, ինչպես որդն է կրծում տերևը կաղամբի։

Ինչպես եղավ, որ աշխարհը այսպես փոխվեց, ուր գնացին