Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/488

Այս էջը սրբագրված է

— Ես հարցնում եմ քո շնչաբաժին հողիդ մասին, մինչև կոլխոզ մտնելդ։ Ի՞նչ եկամուտ էիր ստանում... Նա դժվարանում է պատասխանել:

— Ի՞նչ եկամուտ պիտի ստանար մի բատրակ, որ ուներ երեք անձ և ոչ տուն, ոչ կթան... Քարոտ, անմշակ հող էր: Բեջարեցի երկու տարի, սերմ ձգեցի, սերմ առա և երկու տարի էլ պիտի քրտինք թափեի, մինչև հողը դառնար պիտանի։ Ինձ որտեղից էդքան ուժ։

Եվ պատմեց իր կյանքը, իր կռիվը՝ հողի համար, մի աղքատ խրճիթի և «կթանի» համար, որ ցամաք չմնային ինքը և երեխաները:

Նա պատանի էր, երբ հեռու մի երկրից, որ անմարմին հուշ է նրա գլխում, տեղահան արված և պատերազմ ի արհավիրքներից սարսափած բազմության հետ գաղթեց այս անծանոթ դաշտը։ Շրջեց որպես անօթևան, և հենց այդպիսի կավահող, Հայրոյի բամբակներից ոչ հեռու, գերեզման դարձավ մի ամբողջ տոհմի, որի վերջին շառավիղն էր այդ նիհար պատանին։

Հետո՝ բատրակ։ Կիզիչ արև, դառնահամ ջրեր, ցամաք հաց, մի փալաս, որ նրան պաշտպանում էր և անձրևից, և գիշերային սառնությունից։ Առաջը՝ մռայլ և անթափանց խավար: Թվում էր, որ վախճանը չկար այդ անուրախ կյանքի։

Սակայն բացվեց այդ առավոտը և ինչ արշալույսով...

— Ես գիտեի, թե ամենաբախտավորն եմ, երբ ինձ հին առվի տակ հող հատկացրին...

Հայրոն նորից կրկնեց, թե նրա համար ինչքան դժվար էր ոտքի կանգնելը, հետո ինչպես մտավ կոլեկտիվ, ինչպես երկու ամիս «փչում էր մեկ տաք, մեկ հով» և օրորվում էր ինչպես լեռան կատարի խոտը։ Մտնի՞-չմտնի՞։ Թե մի քիչ էլ ծանրանա իր բազուկների վրա և քաշված մի կողմը՝ ապրի առանձին։ Այս էլ նա պատմեց ճշմարիտ խոսքերով, ինչպես եղել է՝ ցամաք, որպես նրա հին հողը:

Բայց այն, ինչ նա պատմեց խոր դառնությամբ, ամենից զարհուրելին թվաց ինձ։ Եվ դեռ երկար ես նայում էի այդ պարզ և ոչ խորամանկ դեմքին, որի վրա հին խեղճության դրոշմը քերվել էր. և դառնում էին նորոգ վեհության և երկաթյա