Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/489

Այս էջը սրբագրված է

կամքի կրակները, հին «շինականի» խարխլված պատկերի միչից բարձրանում էր համայնական դաշտերի նոր մարդը։ ... Ծնվեց անդրանիկ որդին։ Հայրոն այն ժամանակ ապրում էր ավերակ հնձանում և դեռ չուներ ոչ հողաբաժին, և ոչ բահ։ Ընտանիքը քնում էր այն փալասի վրա, որ պարգևել էր տերը ծառային։ Չորեքթաթ գնաց այդ մանուկը հայրական փալասի վրա և հնձանի դռնակից տեսավ լուռ մի երկինք և համր պատ հենց հնձանի առաջ և պատի ետևը՝ հեքիաթային այգի։ Հետп ոտքի ելավ մանուկը և կամեցավ տեսնել այդ այգին՝ արգելանքի պատի ետևը։ Եվ միայն մի անգամ մագլցեց վերև... Հետո անոթացավ, մաշվեց և եղավ անզոր հասկ։ Եկավ գարունը և մի առավոտ էլ չզարթնեց տղան, ինչպես բնի մեջ սառած թռչունի ձագը։

— Այնպես պատահեց, որ այդ օրը եկավ հողաչափը։ Հողերը պիտի բաժանեին ըստ շնչերի․․․ Ես շատ միտք արի և... Եվ Հայրոն որոշում է գյուղխորհուրդից թաքցնել որդու մահը, որ չնվազի ջնչերի թիվը։ և չփոքրանա այն հողը, որ հասնելու է իրեն։

— Գնում էի գյուղխորհուրդ, սպասում... Գալիս էի տուն լալիս էր մայրը դեղնած դիակի վրա... Չորս օր նա արտասվեց այն հասարակ դագաղի վրա, որ հայրը գաղտնի հյուսել էր ուռենու կլեպներից։ Չորրորդ օրը նրան հող տվին, որից հետո մեռած շունչը գրանցվեց գյուղական ծխամատյանում ։

— Դժվար, անմարդավայել կյանքից ընկանք էս լույս ճանապարհը.. .

  • * *

Մենք միասին վերադարձանք գյուղը։Հասանք նրա տնակը։ Դուրս վազեցին երկու ժիր մանուկներ, ապա երևաց կինը։ Ամեն ինչի վրա կար համեստության և խնամքի հետք։

Հին տան առաջ թափված էին տաշած քարեր, որոնք սպիմտակին էին տալիս. կային և ուռենու գերաններ։ — Դաշտում դու ինձ հարցնում էիր թե ի՞նչ պիտի անեմ, եթե այս տարի երեք հարյուրից ավել աշխօր ունենամ... Ես շուկա կհանեմ ավելցուկը և տուն կշինեմ, նոր տուն...