Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/494

Այս էջը սրբագրված է

ժպտում է, երբ թերթում եմ իր տետրը։ Զարմանալի նման են այդ գրերն աշխատանքի մեջ մաշված նրա ոսկրոտ մատներին.Նա պատմում է, թե ինչ դժվարությամբ սովորեց գրել։ Պատմում է և անդադար ինչպես բաց թողած մեքենա, աշխատում է• մեկ վառարանին է մոտենում, մեկ՝ պահարանին, աչքը նկատում է ինչ-որ թերի, և կողքով անցնելով շտկում է սփռոցի ծայրը։——Երեկ լավ ծեփեցիր, Թանգո... — Ախր մի անհատ ասեր, էլի ցավ չէր. ասողը բրիգադիր էր... Հետզհետե հավաքվում են կանայք՝ Շողոն, Հոռոմսիմը, հետո Ջավո մայրիկը և ուրիշներ։ — Ջավո մայրիկ, ինչո՞ւ Թանգոյին ընտրեցին պատգամավոր... — Առաջաքաշ է, դրա համար։ Դու Թանգոյին դաշտում տեսնեիր. կրակ էր, կրակ։ Էնքան բամբակ որ տվել ենք, էս մատներն են տվել։ Կարկուտը որ ջարդեց բամբակը, թողեց չոփը առավոտը տեսնեմ ՄՏ կայանի Խաչիկը մեր հանդը կանգնած։ Ասի Խաչիկ, ինչո՞ւ ես ձեռքդ ծոցդ դրել թե հապա, Ջավո մայրիկ, ի՛նչ անեմ, պլանը ծռվեց, էս կարկուտը քանդեց մեզ։ Ասի Խաչիկ, դու հոգս մի արա, էս հողից քեզ էնքան բամբակ տանք, որ մեջը լողաս։ Դու միայն «պարարտ» հասցրու։ Թե՝ ճի՞շտ էս ասում մայրիկ ասի Ջավոն սուտ չի ասի։ — Ասում ես Թանգոյին ինչու համար ընտրեցին... Գիշեր-ցերեկ հանցումն էր մենք բոլորս քուն չունեինք, մինչև կանաչեց բամբակը։ Բամբակը տվինք, համա Խաչիկը չի ուղարկել ինձ խոստացած մինթանան․․․ — Բոլորդ եք աշխատել, հապա ինչո՞ւ Թանգոյին ընտրեցին պատգամավոր։ Թող քեզ ընտրեին, Ջավո մայրիկ․․․ — Հո միայն բամբակը չի՞,— խոսքին խառնվում է մի տարիքավոր կին,— Թանգոն առաջին կինն էր, որ հենց էն գլխից մտավ կոլեկտիվ և մինչև վերջ անսասան մնաց։ — Իսկ դո՞ւ։ — Ե՞ս,— և բարձրանում է այնպիսի զվարթ ծիծաղ, որ մատնում է, թե իմ հարցը դեմ առավ մի «փակ» պատմության։