Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/496

Այս էջը սրբագրված է

քով. երբեմն նրանք մտնում են գրասենյակ և հաշվապահից տեղեկանում են, թե ո՞վ շատ աշխօր ունի՝ հա՞յրը, թե մայրը։ Ինձ պատմեցին մի փոքրիկ տղայի մասին, որը տանը սարքել էր կարմիր և սև տախտակ։ Եվ ամեն օր տղան հորը բարձրացնում էր սև տախտակին։ Այդ համառ երեխան հորը «հալածում» է այնքան, մինչև մի օր հորը հաջողվում է կնոջ հետ միասին դրվել կարմիր տախտակին։ Բայց և այնպես դեռ կան կնոջն այպանելու դեպքեր: Պատահում է, որ կանայք գիշերով գնում են դաշտ, և մի ոմն բամբասում է կոլտնտեսուհուն, նրա մասին ասելով անառակ խոսք։Դեռ չի հալվել արհամարհանքը դեպի կինն իբրև լավ աշխատողի: Իսկ ինչքա՜ն եռանդ ունեն կոլտնտեսության կանայք դառնալու և հաշվապահ, և բրիգադիր, և դաշտավար: — Հիմա ապրելը հեշտացավ։ Մեր սիրտը խաղաղվեց... Ուրախությունով ենք աշխատում, և մեր աչքին աշխատանքը հեշտ է երևում։ Մնաց որ սովորենք ապրելու ձևը,— և Ոսկինարը, ոսկի մի մայր, բարակ ձայնով խոսում է, կարծես երգ է երգում, այնպես քաղցր ձոր է տալիս նա բառերը,— մնաց որ լավ տներ շինենք, տները լցնենք ուրախությունով... Ես ապրեմ էնքան, մինչև տեսնեմ նոր տները, բոլորը նոր։ Էլ չլինեն էս քար ու քանդ տները, էս աժդահա պատերը, էս ցեխոտ հայաթները, թոնրի ծուխը, էս սևացած օճորքը... Առաջներում, որ աղջիկ էինք մարդու տալիս, մեկը պատճառ էր լինում• մեր լեզվով նրան ասում էինք սաբաբ։ Եթե աղջիկը վատ տեղ էր ընկնում, սաբաբին նզովում էինք. եթե լավ տուն էր օրհնանք էր, որ թափում էինք նրա գլխին։ Հիմա մենք օրհնում ենք էս կոլեկտիվի սաբաբին... — Ո՞վ է սաբաբը, մայրիկ։ — Հրեն է,— և մատը մեկնում է դեպի պատը։ Կարծես այս խոսքերը լսեց և ընկ. ՍՏԱԼԻՆԸ: Լսեց և ժպտում է նկարի միջից, ժպտում է բարի և իմաստուն ժպիտով։

  • * *

Համագումարի դահլիճում մի կին պատգամավոր ուշադիր լսում է։ Նա մայր է, նա աշխատավորուհի է և ահա եկել է օրենք-