Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/498

Այս էջը սրբագրված է

ԽՈՍՈԻՄ ԵՆ ՋԱՎՈՅԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ» 1

Ասում եմ՝ պարզ գրեմ և նույնիսկ գորշ, անգարդ և անպաճույճ, թեև հիշում եմ այն գիշերը, ձյունը, որ աստղալույս էր մաղում քնած խրճիթների վրա, համր պատերը՝ խարույկի բոցերից կարմրած, պարողների երկար ստվերները և այն սև ծուխը, որ գունդ-գունդ բարձրանում էր և դժվար էր հալվում, որովհետև չոր տերևների ծուխ չէր, ոչ էլ ցախ էին վառել, ոչ արքատ, որ այրվում է յուղոտ փայլով, այլ վառել էին... և հենց այստեղ կորչում է ձյունը, աստղալույսը, մնում է միայն խարույկը, որից դժվարությամբ էր անջատվում սև ծուխը։ Կրակը ծանր էր վառվում, որովհետև այրվում էին հին խսիրներ, լաթ, փալասներ. այրվում էր դարավոր կեղտը, խեղճությունը, որ քե′զ, Արարատյան չքնաղ դաշտ, դարձրել էր դառնության հովիտ։ Ջավոն այրում էր տնամեջը, Ջավոյի տունն» էր այրվում,— ինչպես բղավում էին դեպի խարույկը վազող գյուղացիները, իսկ մեկը երկաթե շամփուրով խառնում էր կրակը, այրվող լաթերը թռցնում էր վեր և ձյունի հետ կայծեր էին մաղում գյուղի վրա։ Ո՞վ է Ջավոն և ինչո՞ւ էր խարույկ վառել, ինչո՞ւ էր և տխուր, և′ զայրացած, և′ ուրախ այնքան, որ պարում էր խարույկի շուրջը, պարում էր երգելով, և նրա հետ պարում էին նրա նմանները... Ջավոն չքավոր էր։ Էր՝ և ուզում ես այս այրող բառի վրայով անցնել հեշտ, ինչպես պարողները թռչում էին խարույկի