Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/499

Այս էջը սրբագրված է

վրայով, ուզում ես, որ այդ մոռացված բառ դառնա և չքանա, ինչպես այն ծուխը, որ այնքան դժվար հեռանում էր Ջավոյի այրվող հնից։ Չքավոր էր,— և պատկերացնում ենք մի խարխուլ տուն, մի այրի կին, որ կթան չուներ, չուներ այգի, հաց, լծկան և ուներ «մի տուն լիքը սոված մանուկներ», երկու հոգնած ձեռքեր, մատները՝ մեռած-հողագույն, որովհետև տասը, քսան և երեսուն տարի այդ մատներն ուրիշի համար քաղհանել են, մանել, լվացել և հաց են եփել։ Կարելի է նկարագրել խավար գիշերին նրա ցուրտ օջախը, ճրագը՝ մի աչք, որ ահա հավիտյան կփակվի, և ճախարակի առաջ այդ կինը երդում է այն, որ կոչվում էր «հայ ժողովրդական երդս»։ Ընթերցողը կարող է պատկերացնել և ավելին, բայց նա պետք է մտներ Ջավոյի տունը, որպեսզի տեսներ, թե հնից ի՜նչ ահավոր չքավորություն էինք ժառանգել։ Կարծեն քիչ էր, որ տան հատակը հող էր, այլև,— տունը գետնափոր էր. հերիք չէր, որ դռնակը նեղ էր, այլև ներս մտնելուց պետք է կռանայիր և կիսամթնում դեռ պիտի տրորեիր աչքերդ, մինչև թոնրածխի և ինչ-որ գաղջ բորբոսնահոտի մեջ տեսնեիր պատերը, ապա «կահ- կարասին))— ամեն ինչ հողի գույն, մաշված և կարկատած։ Այդ տների մասին էին ասում, թե՝ վառես, խանձահոտ չի գա... Աշնան մի ցուրտ օր մտա Ջավոյի տունը։ Նրա մասին պատմել էին, որ համատարածի ձմեռը «խչմար է վերցրել»,— մի արտահայտություն, որով դաշտի գյուղերում այժմ հեգնում են այն ձմեռը կոլեկտիվն այպանողներին։ Նաև հետաքրրքիր էր տեսնել չքավորությունը «դասական վիճակում»։ Որովհետև աթոռ չկար և ոչ էլ նստարան կար,— մնում էր տեղավորվել թոնրի պռունկին՝ խսիրի վրա և ոտքերը կախել թոնրի մեջ: Երկար կլինի պատմել մեր զրույցը։ Ջավոն շատ բան պատմեց և′ հնից, և′ նորից,— բայց ամենից խոր իմ հիշողության մեջ տպավորվեց նրա պատասխանն իմ հարցին․ — Ջավո, կառավարությունը, որ քեզ ասի ինչ ուզես կտանք՝ ի՞նչ կուզես․․․ — Մի շքած սարքած օթախ՝ բարձր բալկոնով․․․ էլ զատ չեմ ուզի... Ինձ թող նոր օթախից տանեն թաղեն։