Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/500

Այս էջը սրբագրված է

Բայց դռնից նայում էի դուրս : Նայում էի այն «հորիզոնին», որ երևում էր Ջավոյի տան ներսից, և նույնն էր երևում տան բակից. հարևանի խուլ պատը,— ուրիշ ոչինչ չէր երևում։ Մի մեռած պատ հիսուն տարի փակել է նրա հորիզոնը: Ես մտաբերում էին Լոնդոնի այն բանվորուհուն, որին հարցրել են, թե որտեղ է Անգլիան և նա պատասխանել է....«Ենթադրում եմ, որ այդպիսի երկիր երևի գոյություն ունի, բայց մինչև այժմ դրա մասին ոչինչ չեմ լսել...»։ Եվ ինչի՛ մասին կարելի է լսել, եթե հիսուն տարի ապրես այդ տանը, աչքերիդ առաջ նույն պատը, ուսերիդ վրա՝ նույն հոգսը...

2

Դեռ այն ցուրտ աշունքին, երբ թոնրի առաջ Ջավոն պատմում էր իր կյանքը, նրա խոր հառաչի հետ դուրս թռան նաև հետևյալ բառերը. — Նոր օթախ որ ունեցա, պիտի վառեմ, մոխիր անեմ էս զնդանը... Ճշմարիտ, որ տուն չէր այլ խավար զնդան էր, բայց ճշմարի՞տ էր նրա ցանկությունը՝ մոխիր անել և քամուն տալ հենց, օրինակ, այն խսիրը, որ փռված էր թոնրի պռունկին և որի վրա նստել էինք ես և ինքը։Ճշմարի՞տ ցանկություն էր այդ, թե դառնության ճիչ։ Այս նոյեմբերի 24-ին Արշալույս գյուղում Ջավոն խարույկ էր վառել։ Արդեն գիշեր էր, և կրակի լույսով կարմրավուն էին երե- վում հին տան պատերը և այն պատը, որ հիսուն տարի նրա տան առաջը փակել էր, և չէին երևում ոչ լեռները, ոչ լայն դաշտը, այլ միայն երևում էր երկնքի մի պատառը, ինչպես բանտի պատուհանից։ — Ջավո մայրիկ, էս ի՞նչ էր,— և մեկը շամփուրով կրակից հանում է մի այրվող փալաս։ — Էն իմ բարձի երեսն էր... — Ջավո, հապա է՞ս ինչ էր,— և բարձրացնում է նոր լաթ, ասելով,— ինչքան էլ ծանր է... — Վրան հազար կարկատան կա...