Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/511

Այս էջը սրբագրված է

վանական է, որ այդ Այգեկը մի վանք էր և այգի՝ մրգաբեր ծառերով, որ մշակել էին հենց իրենք՝ անապատականները։

Պաղտին իշխանին ուղղած թղթի մեջ Այգերին իր մասին հետևյալն է գրում. «Եվ ես ողորմելի Վարդանս գիտուններից տգետս... այս տառերը գրեցի Պաղտին իշխանի խրնդրով... որովհետև մեր բնիկ ժառանգությունից հալածական եղանք և եկանք Այգեկ... և հայոց թվականն էր ՈԿԱ (1212) և հայոց թագավորն էր Լևոնն Սուրինյանց Կիլիկիայում»։

Սակայն անապատում ևս նա խաղաղություն չի գտնում։ «Դլուկից եկանք Այգեկ ի սուրբ ուխտը,— գրում է Վարդանը,— և երեք տարի անց երկու անգամ պատահեց, որ ես և ուխտի երկու գլխավոր եղբայրներ նստեցինք և բամբասեցինք վանահորը և նրա բարեկամին»։Բայց այդ հասարակ բամբասանք չէր, որով անապատականները փարատում էին իրենց ձանձրույթը։ Այդ պայքար էր՝ ուղղված վանահոր, ավելի ճիշտ՝ Այգեկում տիրող բարքերի դեմ: Բանն այն է, որ անապատականներն ապրում էին փարթամ կյանքով, ունեին այգի և արտ, և ճգնելու փոխարեն գիշերն աղաղակներով փախցնում էին վայրի գազաններին և ցերեկը պարսաքար էին արձակում թռչունների վրա, որպեսզի պաշտպանեն պտուղները և խաղողի ողկույզները։ «Եվ այս ամենի վրա ավելանում է մեծագույն կորուստ, որովհետև վեճը և կռիվը, նախանձը և մախանքը չի պակասում, սա իմն է և այն քոնն է (ասում են անապատականները)։ Եվ այն ժամանակ այդ մենակյացի կյանք չէ, այլ աշխարհականի))։ Ինքը՝ Վարդանը գլխավորում է պայքարն այդ բարքերի դեմ։ «Երկու տարի է, որ սատանան մեր մեջ նախանձ սերմանեց և վեճ և աղաղակ մրգաբեր ծառերի համար։ Եվ մենք մեծ պատերազմի և տրտմության մեջ էինք այս երկու տարին և չկարողացանք ելք գտնել))։ Բայց «ելքը» գտնում են, և հավանորեն ինքը Վարդանն է ցույց տալիս ելքը։Մի կիրակի անապատականները հավաքվում են և տապարներն առնելով կտրատում են մրգաբեր ծառեր՝' գժտության աղբյուր թզենիները և ընկուզենիները, սերկևիլի և արքակաղնի ծառերը։ «Եվ ես մեղավորս քաջալերում էի իմ եղբայրներին, թե մի երկնչեք, որովհետև այս վարձք է և ոչ դատապարտություն, պարծանք է անապատիս և ոչ նախատինք»։