Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/512

Այս էջը սրբագրված է

1220 թվին Վարդան Այգեցին հայտնվում է Դրազարկի վանքում։ Այդտեղ է գրել նա յուր առակը՝ «Վասն տասն վաճառականաց, որ են մարդիկ» և առակի մեկնությունը։ Այդ մասին ինքը հետևյալն է պատմում. «Ես, ողորմելի Վարդան Մարաթեցիս, այս մենավոր խուցի մեջ, աստվածաբնակ ուխտի սահմաններում, որ կոչվում է Դրազարկ, կամեցա տասը առակավոր բանով ձևացնել վաճառականներին և այն ութ որոգայթը, որ կա նրանց առաջ... Եվ շատ օրեր աշխատեցի և բազում անգամ սկսեցի և չհաջողվեց և տրտմելով վարանեցի և ստույգ իմացա, որ իմ բազմաթիվ անօրենությունները խավարեցրին իմ միտքը և փակեցին իմ շրթունքները և կապեցին լեզուս…)) ։Բայց և այնպես ավարտում է յուր աշխատությունը, որ ուղղված էր ոխակալության, լեզվագարության, որովայնամոլության զրկանքի, շնության, կախարդության և անզըղջության դեմ։

Այգեցու մահվան թվականը հայտնի չէ։ Նա հիշատակում է «խուժադուժ և անծանոթ ազգի» մուտքը Հայաստան։ Խոսքը վերաբերում է մոնղոլներին, որոնք Հայաստան մտան 1220-ի սկզբներին։ Ինքն իր մասին գրում է, որ «ծերությունը և երկարատ և ցավերը կուրացրին իմ միտքը և իմ աչքերը»։ Եթե ընդունենք, որ նա իրոք ապրել է մինչև «»առանցյալ և գարշելի» ալևորությունը, ինչպես ինքն է գրում, ապա ուրեմն հիմք կա ասելու, որ նա 1220-ական թվականներին չի մեռել, այլ ավելի ուշ։ Ըստ Ն. Մառի՝ Այգեցին XIII դարի 10-ական թվականներին դեռ ապրում էր։

Եվ մինչև խորին ծերություն Այգեցին խրատել է և բարոյախոսել, մարտնչել և խարազանել՝ երբեմն եկեղեցիներում, երբեմն քաղաքի հրապարակներում և երբեմն առաքելով թղթեր և առակախառն քարոզներ, միտ դնելով այն, որ «անպետք կայծաքարը և աննշան երկաթը պարգևում են Տուր ի սպաս մարդկային կյանքի»:

Մեզանում Վարդան Այգեցին առաջինը չէ, որ հորինել է առակներ: Նրանից առաջ արդեն հայտնի էր Մխիթար Գոշը, որը իրավամբ կարող է համարվել հայրը հայ առակաբանու-