Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/517

Այս էջը սրբագրված է

Բայց և այնպես Վարդան Այգեցին կառուցող վարպետներից է այն հիմքի, որի վրա պետք է բարձրանար միջնադարյան հայ արձակի շենքը։ Եվ եթե հետագա «անբարի և խավարայնի» ժամանակներում այդ շենքը չբարձրացավ, այնոհանդերձ, հիմքը վկայում է կառուցողների, նաև Վարդան Այգեցու մեծ վարպետությունը։

Գ

Մի քանի խոսք այս հրատարակության մասին։ Արդեն ասացինք, որ 1668 թ. Ամստերդամում լույս է տեսել առակների առաջին ժողովածուն «Աղվեսագիրք» վերնագրով։ Երկրորդ անգամ տպագրվել է Մարսելում 1676-ին, երրորդը՝ 1683 թ. դարձյալ Մարսելում և չորրորդը Լիվոռնոյում՝ 1698 թվին։ Այսաիսով, XVII դարի երկրորդ կեսին չորս անգամ տպագրվել են առակների ժողովածուները։ Ըստ Ն. Մառի բացատրության, առաջին հրատարակիչը, ծանոթ լինելով եվրոպական լեզուների, կամեցել է առակների ժողովածուն նմանեցնել այդ ազգերի նույնանուն գրքերին, օրինակ,«Fuchsbuch-ին» և անվանել է Ա,«Աղվեսագիրք»։ Ի դեպ Ն. Մառը խորին ուսումնասիրությամբ հաստատել է, որ արաբական «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերենից, Վարդանի առակների մի որևէ ժողովածուից։

Ի նկատի ունենալով, որ այս հրատարակության մեջ կան և բուն Վարդան Այգեցոլ առակներ, ինչպես և այլ առակներ և սանրավեպեր, որ կան Վարդանի կամ Վարդանին վերագրած առակների ձեռագիր և տպագիր ժողովածուների մեջ, մենք ևս պահպանեցինք արդեն ընդունված «Աղվեսագիրք» անունը։

Տեքստի, ինչպես և ծանոթագրությունների համար հիմք ընդունելով Ն. Մառի եռահատոր աշխատությունը, «Ժողովածոյք առակաց Վարդանայ», որն աննման կոթող է միջնադարյան հայ արձակի,— մենք հաճախ գերադասել ենք առակների ալն վարիանտները, որոնք «գռեհիկ» հայերեն են և բովանդակությամբ ավելի հարուստ։ Առակների մեկնաբանությունները շենք բերել, համարելով հնացած ավելորդաբանություն։ Համարյա անփոփոխ են վերնագրերը։ Բացի այդ, աշխատել ենք ըստ կարելույն պահել բնագրի ոճը, միաժամանակ նպատակ դնելով նյութը մատչելի դարձնել ընթերցողների լայն խավերին։