Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/520

Այս էջը սրբագրված է

խռովություն, այլ ոչ թե խաղաղություն։ Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ։ Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհանամք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն. նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի. և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով լինի խաղաղություն» ։ Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. «Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից»։ Եվ այծերը վտարեցին շներին և հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով։ Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ և խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր և խնդում էին և վազվզում էին, փառք տալով, որ հասան բարի ժամանակի։

Եվ գայլերը համ բերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան։

ԵՐԿՈԻ ՆԿԱՐԻՉ

Մի ոմն թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել։ Եվ ընտրեց երկու նկարիչների և մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց։ Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը և տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր և շատ հավանեց։ Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ։ Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասաց. «Դու ի՞նչ ես արել»։ նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»։ Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա։ Եվ թագավորն ասաց. «Այս մյուսից գեղեցիկ է»։