Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/533

Այս էջը սրբագրված է

Եվ գայլն ասաց. «Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր»։


ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻ


Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ: Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը տալիս էշին։ Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի։ Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց. «Ո՞վ աստված, մի՞թե չկարողացար էշը կովից տարբերել»։


ՀԱԼԱԼ ՄԱՐԴ


Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել,և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր էր բերում։ Երիտասարդն առավ և խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց դետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր։ Երիտասարդն ասաց այգետիրոջ. «Ողորմիր ինձ և աո խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել»։ Եվ բուրաստանի տերն ասաց. «Կեսը, որ իմն է, հալալ քեզ, և կեսը իմ եղբորն է, նրան տեր չեմ։ Եվ իմ եղբայրը հեռու է այստեղից վեց օրվա ճանապարհ»։ Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց. «Կամ առ քո կես խնձորի գինը և կամ հալալ արա ինձ»։ Եվ մարդն ասաց. «Ոչ գինը կառնեմ և ոչ հալալ կանեմ։ Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ որ ոչ ականջ ունի և ոչ լեզու և ոչ ձեռք և ոչ ոտք, նրան քեզ կին առ, որ հալալ անեմ»։


Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան, և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր։ Եվ երիտասարդն աներոջն ասաց, թե ինչո՞ւ էիր ծաղրում քո աղջկան։ Եվ նա ասաց․ «Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երգից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել։ Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում, և ահա դու եկար»։