Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/537

Այս էջը սրբագրված է

խոստացավ և երդվեց, և նրանք ասացին. «Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես»։ Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, գրիչն առավ և գիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ յուր տուն, սկսեց փարթամանալ և շքեղ տներ շինել, ունեցավ ձիեր և ջորիներ և եզներ և ոչխարի հոտեր և այլ ամենայն ինչ, որ վայել է աշխարհ սիրողին։

Եվ մի օր եզն ասաց մյուս եզան, թե «Ես ի՞նչ անեմ, որովհետև ամեն օր անխնա լծում են ինձ»։ Էշը, որ նրան մոտիկ էր, ասաց. «Վաղը սուտ հիվանդ եղիր և հազա։ Երբ այդ տեսնեն, կխղճան և այլևս քեզ չեն լծի»։ Եվ այս լսելով մարդը ծիծաղեց և մշակներին ասաց, թե այսօր չէ վաղը, այսինչ նշան էշը հիվանդ եզան տեղ լծեք։ Մշակն առավոտյան էշը տարավ և լծեց մինչև իրիկուն, և երբ տուն եկավ, էշն ասաց հիվանդ եզան. «Ողորմելի եզնուկ, դու չգիտես, թե արտում ինչ էին ասում, ասում էին, թե այն հիվանդ եզը վաղը մորթենք որ չսատկի»։Լսիը ինձ և ոտքի կաց և առողջ եղիր, գնա լուծ քաշիր, որ քեզ չմորթեն։ Քեզ համար ավելի լավ է բանել, քան կյանքից զրկվել»: Այսպես ասաց էշը, որպեսզի այլևս նրան չտանեն լծելու, որովհետև այդ օրր շատ էր աշխատել։ Եվ այս լսելով մարդը նորից ծիծաղեց։

Այն ժամանակ նրա կինն ասաց. «Ո վ մարդ, մենք աղքատ էինք և հանկարծ հարստացանք և այսչափ ապրանքի և բարիքի տեր եղանք և ժամ առ ժամ կենում և ինքդ քեզ ծիծաղում ես, ինձ ինչու՞ չես ասում, թե որտեղից է այս ամենը, և դու ինչու ես ծիծաղում»։ Մարդն ասաց. ո՛վ դու կին, եթե ասեմ, իսկույն կմեռնեմ, դրա համար չեմ ասում»։ Իսկ կինը հանդգնեց և ասաց. «ճար չկա, պետք է ասես»։ Իսկ նա չէր ուզում ասել, բայց կինը նրան խիստ նեղեց և ասաց. « Պետք է որ ասես ինձ, եթե մեռնես էլ։ Եթե ոչ ես ինձ կսպանեմ»։ Եվ մարդն անճարացավ և ասաց. «Ո՜վ կին, հավատա ինձ, որ առանց տարակուսանքի կմեռնեմ, թե որ ասեմ և երբ թույլ չես տալիս, երեք օր սպասիր, մինչև մատաղ անեմ, քահանաներին և աղքատներին կերակրեմ, ապա քեզ ասեմ և մեռնեմ»։ Եվ չար կինը հազիվ հանձն առավ երեք օր սպասել։