Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/538

Այս էջը սրբագրված է

Եվ մարդը մորթեց շատ ոչխարներ և դառներ և կանչեց քաղաքի քահանաներին, կարգավորներին և աղքատներին, և նստեցին ճաշի և մինչդեռ ուտում էին և ըմպում, այն մարդն սպասում էր։

Եվ մարդն ուներ շան լակոտ, որ տան մեջ նստել էր լի տրտմությամբ և սգով, և նույնիսկ արտասուք էին թափվում նրա աչքերից։ Եվ իսկույն հանկարծակի եկավ աքլորը հպարտ և խրոխտալով և ներս մտավ, և նրա հետ կային քսան-երեսուն հավ աջից և ձախից։ Շան լակոտն սկսեց աքլորին ասել. «Ո՜վ լիրբ և անաղուհաց, ի՞նչ ես խրոխտացել և տեսակ տեսակ ձայն ես հանում. չգիտե՞ս որ մեր տերը վաղը յուր գաղտնիքը պիտի կնոջն ասի և մեռնի։ Իսկ դու լալու փոխարեն ուրախ ես»: Աքլորն ասաց․ «Ձվերս ի վայր թե կմեռնի. ես որ նրա ծառան եմ, քսան֊երեսուն կին ունեմ և նրանց զավթ եմ արել, իսկ նա չի՞ կարող մեկին իր հրամանքով պահել»։ Շան լակոտն ասաց. «Ի՞նչ անի անգամ կնոջն»։ Աքլորն ասաց. «Երբ ամենքը վեր կենան մատաղից, թող առնի երեք-չորս դալար փայտ, դուռը փակի և կնոջն ասի՝ արի քեզ ասեմ իմ գաղտնիքը և նրան բռնի մերկացնի և կապի մի սյունից և այնքան ծեծի նրա կողերին և այլ տեղերին, որ ողջ տեղ չմնա, ամենը կապուտկի և ասի, թե չար կին, լավ է, որ դու մեռնես, քան թե ես, և դռնից հանելով նրան դուրս վարի, ասելով գնա կորիր, ես այլ կին կառնեմ և քեզ չեմ ուզում»:

Եվ աքլորից լսելով այս բարի խրատը, այն մարդը դարձյալ ծիծաղեց: Եվ անզգամ կինը տեսնելով այդ, ամբոխի մեջ մոտեցավ նրան, չամաչելով ոչ մարդկանցից և ոչ քահանաներից և մարդուն ասաց. «Այժմ ինչո ւ ծիծաղեցիր, ասա ինձ և պատմիր, թե ինչպես հարստացար»: Եվ մարդն աղաչեց. «Մի քիչ համբերի, թող հյուրերր գնան, և ես քեզ ասեմ. այժմ ամոթ է նրանց առաջ բան ասել»։ Եվ երբ ամենքը գնացին, ընտանիքը դուրս հանեց և դուռն ամուր փակեց և ըստ աքլորի խրատի ձեռքն առավ կնոջը, ջարդեց ամեն ոսկորները և դուրս արեց։ Իսկ կինը զղջալով նրա ոտքն ընկավ լալով և աղաչում էր ասելով. «Աստծու սիրուն, ինձ բան մի ասա և ամեն օր ինձ այսպես ծեծի, միայն ինձ