Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/54

Այս էջը հաստատված է

անկյան մոտ հողի տակ մի փոքրիկ տուփ է թաղել, միջին լուսանկարներ որդու և իր հին մեծավորների, էպոլետով ու շքանշանով մեծավորների թղթադրամ և պղնձե կոճակներ փայլուն։ Նա մեկ էլ ուզեց հետ դառնա, բայց կինը վերից ձայն տվավ, թե.

— Էն քաղցր սալորից մի բուռ քաղի, չայի հետ լավ է լինում։

Իվան բեյը սալորենուն մոտեցավ, ցածլիկ ճյուղից մի քանի հատ սալոր պոկեց։ Հանկարծ աչքին ընկավ ծառը, բունը ճեղքած, որ Երմոլով պրիստավը թրով խփել էր։ Սալորենին դեռ չկար այն ժամանակ, տեղը մի հին կոճղ էր։

Սազանդարը դրմփացնում էր դհոլ ու զուռնա, քոռ Աթան համ թառ էր ածում, համ բլբուլի պես կլկլացնում, Երմոլովի կնիկն էլ նստել էր կոճղի վրա, քահքահ ծիծաղում էր, իսկ մարդը գինու կուլան ձեռքին պարում էր կանաչի վրա։

Երմոլովի կինը կռացավ, թեքվեց Իվան բեյի վրա, քիչ էր մնում ընկնի, իսկ Իվան բեյը երբ ուզեց պահել նրան, տեսավ Երմոլովի կնոջ սպիտակ ծծերը, ոնց որ ճերմակ խմորի երկու գունդ։

Պարեցին մինչև կեսգիշեր, Երմոլովը բոյով մին մեկնվել էր կանաչի վրա, իսկ Իվան բեյը ձիաճանճի պես պոկ չէր գալիս նրա կնոջից, բլբլացնում էր լեզվով և ուզում էր իրիկվա կիսամութին մի անգամ էլ տեսնել այն, ինչ պատահմամբ աչքին ընկավ։

Այդ նույն գիշեր Իվան բեյի կնիկը թոնթորաց, կռիվ սարքեց, չեկավ նրա մոտ։ Եվ Իվան բեյը մենակ քնեց ընկուզենու լայնարձակ մահճակալի վրա։

— Սամավարը սառավ, Իվան,— կանչեց կինը պատշգամբից։

Իվան բեյը վեր ելավ սանդուղքով խարխուլ, ձեռքին մի քանի սալոր։ Եվ երբ կինը հարցրեց, թե ինչու քիչ է բերել, Իվան բեյը շփոթված պատասխանեց.

— Լավերը չկային...

Ժողովի մասին Իվան բեյը կնոջը ոչինչ չէր ասել։ Գործից գալուց ուզեց ասի, բայց փոշմանեց: Կնիկ է, ի՞նչ պիտի հասկանա ժողովից։