Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/551

Այս էջը սրբագրված է

ՎԱՂԸ ՄԱՐՏԻ 8-Ն Է

Մարանենց հին տունն այդ օրն անճանաչելի էր դարձել։ Մգլոտած օճորքը սրբել, մաքրել էին, դետինը լավ ավլել, պատերի ճեղքերը թղթով կալել ու շարվեշար կախ արել նկարներ, կարմիր շորով նկարների չորս կողմը սարքել։ Եվ այնքան վա՜ռ էր երևում սև պատերի վրա կարմիր գույնը։


Երբ Մարանենց պառավը շեմքից ներս մտավ, զարմացավ մնաց.


— Ախչի, էս հո հարսանքատուն եք շինել մեր ղարադամը...


— Մինա հորքիր, դու էգուց արի, հարսանիքն էգուց կտեսնես,— ձայն տվեց Աննան, որ քթոցի վրա բարձրացած աշխատում էր կարպետի մի ծայրը հագցնել պատին մեխած սեպին։


— Բա էդ ի՞նչ,— հարցրեց պառավ Մինան, մի քիշ առաջանալով։


— Էս բեմ ա, բե՜մ․․․ էգուց թատրոն ենք տալու,— պատասխանեց կինը և, կարպետի ծայրը սեպին հագցնելուց հետո, քթոցը մոտեցրեց մյուս պատին, վաղվա ներկայացման համար կարպետից վարագույր սարքելու։


Պառավ Մինան մոտեցավ մի ուրիշ կնոջ, որ թղթեր էր խմորում ու փակցնում պատերին։ Հարցրեց նրան, թե ի՞նչ թղթեր են, գլուխն օրորեց ու իրեն-իրեն խոսելով դուրս գնաց։ Կանանցից մեկը նրա հետևից չանչ արեց, մյուսը նախատեց չանչ անողին։


— Ինչ ա հասկանում, է՜, խեղճը, որ չանչ ես անում․․.