Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/56

Այս էջը հաստատված է

կանչեցին տեղկոմի նախագահին և խնդրեցին մեկ-մեկ ներս կանչել հիմնարկի աշխատակիցներին։

Ամենից առաջ կանչեցին գլխավոր հաշվապահին։ Տասը րոպե չանցած նա դուրս եկավ, քափ-քրտինքի մեջ, ասես բաղնիք էր գնացել։ Դռան առաջ սպասողները շրջապատեցին նրան։ Գլխավոր հաշվապահը մի խոսք միայն ասեց.

— Խիստ են քննում, մինչև յոթը պորտը։

Ասեց ու հեռացավ։

Իվան բեյն էլ լսեց այդ։ Ի՞նչ են հարցնելու իրեն, գիտեն արդյոք, թե ինչ է արել ինքը անցյալում, ի՞նչ պատասխան պիտի տա։ Թիկնել էր պատին, մերթ մի ոտի վրա էր հենվում, մերթ՝ մյուս։

Հերթը Իվան բեյին հասավ։ Տեղկոմի նախագահը դուռը բացեց, և երբ Իվան բեյը ներս մտավ, վերարկուն ուսին, երեք զույգ աչքեր ժպիտով նայեցին նրան։ Աթոռ առաջարկեցին։

— Ոչինչ, կկանգնեմ,— ասաց Իվան բեյը և նոր միայն զգաց, որ վերարկուն ավելորդ ծանրություն է։ Հանկարծ մեկը հարցրեց, թե ծեծե՞լ է գյուղացուն այնքան, որ նա հիվանդանա և անկողին մտնի։ Հարցրեց և ուղիղ Իվան բեյի աչքերին նայեց։

Իվան բեյը կմկմաց. լեզուն կարծես սառել էր, չէր շարժվում։ Հետո մի ուրիշը հարցրեց, թե քանի տարեկան է, և մինչև կպատասխաներ, ակնոցները կուղղեր,— մյուսը, որ ամենից ջահելն էր, ասաց.

— Ազատ եք, կարող եք գնալ ձեր տուն և հանգստանալ։

***

Իվան բեյին կրճատեցին։ Այդ մասին հայտնեցին նրան հենց նույն իրիկուն։

Նա չկարողացավ ոչինչ ասել և դանդաղ քայլերն ուղղեց դեպի տուն։ Հեռվից նայողը կկարծեր, թե Իվան բեյը հարբած էր։

Ավտոմոբիլը, որ գիշերը մնաց ծառի տակ, որովհետև գավառական քաղաքում դեռ գարաժ չկա, հաջորդ առավոտ նորից կանչեց զիլ, փրթփրթաց, ոնց որ ձին էր վրնջում հեծվորին սպասելիս և երբ երեք հոգին տեղավորվեցին ավտոյի մեջ,