Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/564

Այս էջը սրբագրված է

կառավարության ընթացքը պիտի փոխվի, «աջ պիտի նստին», ինչպես ասում էր փողկապով մարդը…

***

Ցերեկվա շոգը սաստկացել էր։

Քիրաջյանի թոքերը իզուր էին փուքսերի պես մեկ ուռչում, մեկ տափակում։ Աբովյան փողոցում անհրաժեշտ քանակով թթվածին չկար գաղութահայ աղքատախնամի համար, և քրտինքը ծորում էր առատորեն, բաղնիսից նոր դուրս եկողի պես։

Փողոցում օրվա այդ ժամին, երբ արևը ճիշտ գագաթիդ է զարկում, համարյա ոչ ոք չկար։ Մի քանի մրգավաճառ ջուր էին շաղ տալիս մայթի կեծացած քարերին։ Անկյունի հովումմուշ-մուշ քնել էին մուշաները դա դրած։ Մի մանուկ զի՜լ ձայնով կանչում էր, ծոր տալիս՝ «Պաղ աղբյուրի ջո՜ւր…» ։ ճիշտ այդպես ցերեկվա շոգին գյուղում շոգից նեղված մի աքլոր կտուրից ծուլորեն իր ծուղրուղուն է կանչում։

— Բեր սրբեմ, է՜,— լսեց Քիրաջյանը և դանդաղ շարժումով պարանոցը թեքեց։ Կոշիկ սրբող մի երեխա աշխուժով ցատկեց փայտե արկղին ու նորից կանչեց:

— Անունդ ի՞նչ է, տղաս,— հարցրեց նա։ — Վարազդատ։ — Եվ իսկույն ավելացրեց. — Բեր սրբեմ, է, լա՜վ սրբեմ…

Քիրաջյանը ժպտաց. «Երևելի հայկական անուն ունիս»,— ասաց և դանդաղ հեռացավ դեպի տուն։

Նա սովորություն ուներ իր սենյակի պատուհանից դիտել Արարատին։ Եվ ինչ մտքեր չէր հղանում այդ պահին ուղեղը «բարիգործական»:

Արարատին դիտելուց հետո, նա մոտեցավ իր երկար և ընդարձակ մահճակալին և անհոգորեն փովեց, ձգվեց «մինչև ծովը Վրկանա»։ Եվ մահճակալի զսպանակները ճռնչացին խուլ։ Իրիկվա հովը քնքշորեն շոյում էր շոգից խանձված դեմքերը մարդկանց, երբ Քիրաջյանը զարթնեց, սրբեց քրտինքը դեմքի և լվացվելու շտապեց։

— Կարելի՞ է,— լսվեց դրսից մի ձայն։