Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/577

Այս էջը սրբագրված է

Չներկած, բավական կոպիտ նստարաններին մոտ քառասուն հոգի էր նստած։ Պատերր մերկ են, քարտեզ չկա, եթե չհաշվենք պետապի կեղտոտված պլակատը։ Անկյունում մեծ վառարան։ Աթար են վառում, և դրանից դասարանում խեղդող,ծանր հոտ է։ Աշակերտները հերթով մի քիչ աթար են բերում,օրվա վառելիքը։

Հայոց լեզվի դաս էր։ Իմ ներկայությունը շեղում էր աշակերտների ուշադրությունը, և նրանց հետաքրքրասեր աչքերը շուտ-շուտ ինձ էին նայում: Նրանք իրար մեջ քչփչում էին։

Արևը լուսամուտի ճաղերի միջից թույլ լուսավորում էր կիսախավարի մեջ թաղված մեծ դասարանը:

Մտան գյուղխորհրդի նախագահն ու երկու գյուղացի, բարձրաձայն բարևեցին ինձ: Ես դիտավորյալ Խուսափում էի նրանց հետ զրույցի բռնվելուց, որ չխանգարեմ պարապմունքը։ Բայց, երևում է, դա ընդունված բան է. դասի ժամանակ ներս են մտնում գյուղացիները և, ուսուցչին դասից կտրելով, խոսում են անձնական գործերից։

Մի շիլաչք երեխա, վերջին նստարանին նստած, ամբողջ ժամանակ առաջինն էր պատասխանում։

— Տես է, շաշ ա, բայց բոլորից խելոք ա,— բարձր ասաց նախագահն ու ծիծաղեց: Աշակերտներն էլ ծիծաղեցին։ Միայն ինքը, իր ֆիզիկական թերությունից նվաստացած, վիրավորված տեղը նստեց, կարմրեց ու ձայնը կտրեց մինչև դասի վերջը։

Մի քիչ անց, վառարանի մոտ կանգնած, գյուղացիները խոսում էին դպրոցի առաջիկա վերանորոգման մասին իսկ ուսուցիչը բացատրում էր երեխաներին, ինչպիսի գազաններ են լինում ։

Երբ մենք դուրս եկանք, ես գյուղխորհրդի ընկերոջը հասկացրի, որ դասերին չի կարելի բարձր խոսել ու խանգարել պարապմունքներին:

Դպրոցական տարիքի բոլոր երեխաները սովորում են, բայց ուսուցչի գործը ծանր է: Ուժասպառության աստիճան ծանրաբեռնված է։ Խիստ մեծ է երկրորդ ուսուցչի պահանջը: — Դժվար է, ուժից վեր,— գանգատվում է ուսուցիչը՝