Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/579

Այս էջը սրբագրված է

տեսակ ձուլվել է գյուղացիների տարերքին, դարձել համարյա մյուս գյուղացիների պես։ Միայն աշխատում է լավ ուսուցիչ լինել, ետ չմնալ գոնե գավառական քաղաքի կյանքից:

— Մի ուրիշ թերություն էլ կա՝ Ռոճիկի համար ստիպված քաղաք ենք գնում: Իսկ այստեղից քաղաք ահագին ճանապարհ է, մի տասնութ վերստ։ Ռոճիկը անկանոն են տալիս, երբեմն մաս-մաս։

Սեղանին ժողկրթբաժնից ստացած գրքերն են, որոնք հանրակրթական են, կան գրքեր նաև աշխատանքային դպրոցի և կոմպլեքսային մեթոդի մասին։ Նրանք դեռ թղթատված չեն, և փոշու հաստ շերտ կա վրաները, որ ցույց է տալիս, թե շատ ժամանակ է անցել։

— Կարդալու ժամանակ չկա։ Հոգնած գալիս ես, մի բան ուտուս, իսկույն քունդ տանում է։ Ընկ. Արշակի կինը գործ է անում վառարանի մոտ, ընթրիք է պատրաստում։ Նա էլ մյուս գեղջկուհիների պես ամաչկոտ ու «չխոսկան» է։ Ինձ հետ նշաններով է խոսում, իմ ներ- կայոլթւամբ ամուսնու հետ' շշուկով: Ընկ. Արշակը հանում է տրեխները, պպզում, աթոռը ինձ տրամադրելով: Թութուն է ծխում (կանաչավուն տերևներ՝ աղբի հետ խառը), լրագրի թղթով խնամքով «ծգարա» է փաթաթում ։

Իմ հարցին, թե ինչու իր համար լրագիր չի գրվում, նա մի տեսակ անօգնական օրորում է գլուխը, ժպտալով՝ շատ աշխատած ու հոգնած մարդու ժպիտով։

— Ինչ կա որ, կգրվեմ։ Հասցեն չգիտեմ: Ժողկրթբաժինը մեգ դրա մասին ոչինչ չի ասել՝. Միակ հաճույքը նրա համար այն օրերն են, երբ գնում է քաղաք ռոճիկ ստանալու: Մի-երկու օր կմնա այնտեղ և թարմ տպավորություններով կվերադառնա աթարի բուրգերով, ծուռ փողոցներով իր գյուղը, իր դպրոցը։

— Շատ բան են տալիս նաև ուսուցիչների պատրաստման ամառային դասընթացները: Արդեն երկու տարի է, մեգ մոտ կան։Մի տեսակ լավ է լինել դասընթացին, թարմություն կա, թե չէ էս ժայռերի մեջ լրիվ կկորչես,— խղճալի, միայնակ հոգու թախիծով ասում է նա։