Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/588

Այս էջը սրբագրված է

Կուզմինինին, որին առաջ պատկանել էր տունը: Գանգատվողն այնպես համառորեն էր խոսում, որ ստիպված եղանք նրա հետ անցնել իր սենյակը, որ հենց այստեղ էր, ուսուցիչ Պավելի բնակարանի կողքին։ Ընդարձակ սենյակ էր, անկյունում ռուսական վառարան, իսկ հենց կողքին էլ նոր բնակչի շինած թոնիրն էր։ — Ախր թոնիրը ծուխ է անում։ Ավելի լավ չի՞ ռուսական վառարանը։ Զրուցակիցս, սակայն, մնաց իր կարծիքին։Մի քանի րոպեից հետո մտավ Պավելը, ձեռքին մախաղ։ «Հագուստն» էր բերել, որ մի ժամ առաջ ստացել էր բաժանումից։ Նրան բաժին էր ընկել մի հին սերթուկ, պանամա գլխարկ, մի զույգ կոշիկ ու թուղթ: — Բանի պետք չեն։ Կծախեմ, տուժուրկա կառնեմ։ Պանամայի մեջ նամակ կար։ Բարեգործն իր մաղթանքներն ավարտում էր այս բառերով. Մնացեք Քրիստոսի խոնարհ ծառա» ։ Պավելը կարդում է ու ծիծաղում։ Հավաքվում են գյուղացիները: Սկսվում են գանգատները շորերի անարդար բաժանումից։ Ոմանք գանգատվում են, որ իրենց ուրիշներից քիչ են տվել, մեկ ուրիշն ասում է, թե վեց հատ տղամարդու գլխարկ է ստացել, իսկ տանն իրենից բացի ուրիշ տղամարդ չկա։ Պավելն ավելի շատ հետաքրքրվում է արտաքին աշխարհի նորություններով։ Գյուղում համարյա թերթ չեն ստանում, իսկ քաղաքից եկածները պատահական համարներ են բերում: Պավելը գյուղացիներին է ցույց տալիս ինձ մոտ գտնված գյուղացիական թերթի մի համարը։ Հիանում է նկարներով։ — Այ, տե'ս, թե ինչպես պիտի կովը կթել,— ասում է Պավելը, ցույց տալով թերթի նկարները։ — Ես էլ շատ լավ կկթեի, բայց կով չունեմ,— հառաչում է Պարամոնովը: Գյուղում շատ տնտեսություններ կան, որ բոլորովին անասուն չունեն: Նոր-նոր են սկսում ձեռք բերել։ Գյուղացիները ռացիոնալ անասնապահությունից լավ են հասկանում: նրանք մեծ հաճույքով խոսում են ցեղական անասունների մա-