Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/598

Այս էջը սրբագրված է

Լսվում է, ինչպես փոստի աշխատակցուհին ասում է մյուսին.


— Ուրեմն, հենց որ դու դուրս գնաս, ես երգում եմ։


— Պարան է պետք։ Աշոտ, վարագույրը տուր էստեղ․..


Աշոտը օգնության դիմաց թույլտվություն է խնդրում նստելու հուշարարի մոտ, որը տեղավորվել է ներքևում ու պպզած նստել։


Դահլիճում հասարակությունը հուզվում է, մեկը կանչում է՝ «շուտ արեք», ծափահարում են, մի խոսքով, ինչպես քաղաքում։


— Վռամ, ցույց տուր, վարագույրը ո՞նց են բացում..․


Վերջապես բեմը պատրաստ է։ թացում են վարագույրը, այսինքն՝ քորոցները հանում են, ու սավանները ցած են կախվում։


Մեջտեղում նստել է «աստված» ու հեռախոսի փողն է բռնել (լրագրի թղթից շինած)։ Կողքին Միքայել հրեշտակապետն է, Ահարոնյանը։ Մտնում է եպիսկոպոսն ու խաշ է ուզում։ Թեմի ետևից բակում մի էշ զռում է։ Դահլիճում քրքիջ է, դերասանները շփոթվում են, իսկ «աստված» զրույց է անում կոմսոմոլի կենտկոմի հետ։


Հրեշտակապետը՝ տրեխներով, պետառի էժանագին թիկնոցով, և աստվածածինը (փոստի աշխատակցուհին) միասին երգում են, իսկ ներքևից նվագակցում են մանդոլինան ու թառը։


Մի Ժամ հետո ներկայացումը վերջացավ։ Հանդիսականներին այդ մասին հայտնում է դերասաններից մեկը։


III


Կարելի է անցնել Շուշվա խճուղին, ու չնկատել, որ ժայռերի տակ ճանապարհի մոտ ծվարել է Ծակեր գյուղը։


Գիշերը խարխուլ տարանտասով մոտենում ենք չայխանային, որտեղ պետք է գիշերենք։


Հեռվից մանկական բարձր ձայներ են լսվում։


— Երեկոյան դպրոցն է, երեխաներն են պարապում,— ասում է չայխանայի տերը, տեսնելով, որ ես ուշադիր լսում եմ