Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/64

Այս էջը հաստատված է

Հետո կամացուկ մոտեցավ և դարպասի դռները բացեց։ Մի քիչ կանգնեց փողոցում, դարձյալ նայեց չորս կողմ և ժպտաց ինքն իրեն։

Տարօրինակ էր այդ ժպիտը. զարզանդ կար դեմքին, աչքերի մեջ մի անիմաստ փայլ։ Ժպտաց, մտածեց, ծռմռատեց շրթունքները, ատամները կրճտաց և արագ քայլերով իջավ փողոցով։

Գողի պես էր դնում, պատի տակով։ Մի ոտնաձայն կամ խշշոց լսելիս հենվում էր պատին, անշարժ մնում, մինչև վտանգն անցներ։

Քիչ հետո նա իր պաշտոնատան դռան առաջ էր։ Վիզը երկարացրեց և փողոցից տեսավ ներսի ճրագը, որ առաստաղից էր կախված։

Ապա վճռական մոտեցավ և դռան զարկեց բռունցքով մեկ, երկու, հետո սկսեց դուռը թափահարել։ Դողում էր ամբողջ մարմնով, բայց ցուրտ չէր զգում։ Նրան թվում էր, թե բազուկների մեջ ուժ կա անչափ, ասես ուզում էր կրնկահան անի դուռը։

Աղմուկի վրա ծառան ներսից ձայն տվավ և դուռը կիսաբաց արավ։

— Ակո՛փ, լա՞վ ես սրբել,— հարցրեց Իվան բեյը և դուռը հրեց։

Ծառան ճանաչեց նրան և դուռը նորից կողպեց։ Եվ դռան հետևից կանչեց վախից դողացող ձայնով.

— Իվան բեյ, գնա՛ քնիր, գնա՛...

Էլի կանգնեց մի պահ, հետո սկսեց նորից ծեծել, խոսել ինքն իրեն։ Մեկ էլ վերարկուն, որ ընկել էր ձյունի վրա, ուսին գցեց, ճղրտաց, հեռացավ արագ: Ծառան մինչև վերջ էլ չէր հավատում, թե այդ ձայնը Իվան բեյինն էր. այնպես զիլ էր, խռպոտ։

Իվան բեյը արագ վազելուց քրտնել էր։ Ներս մտավ, դարպասի դուռը կողպեց ու սանդուղքով վեր բարձրացավ։ Բայց մեկ էլ հանկարծ հետ դարձավ, իջավ բակն և էլի սկսեց ուշադիր լսել, թե ոտնաձայն չկա՞ այգում, ստվեր չի՞ երևում։

Մեկ էլ հետ նայեց և նրա աչքին ընկավ մառանի բաց