Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/68

Այս էջը հաստատված է

կախ, մանր-մանր քայլերով։ Եվ երբ վերջին կաղ ոչխարն անցավ, Ծատուն տղայի շրթունքները բեղերի տակ շարժվեցին․

— Երեք հարյուրից չորսը պակաս։

Ասեց և հեռացող ոչխարի ետևից նայեց մի պահ, չոբանին կանչեց.

— Ծեգին ոչխարը քշիր քաղաք։

Չոբանն ուզեց հարց տալ, բայց բերանը բաց էլ մնաց։ Ծատուն տղան ձիու գլուխը գյուղի կողմն էր դարձրել։

Պառավ նանն էլ զարմացավ, երբ իմացավ, թե տղան առավոտ ծեգին քաղաք է գնում։ Մեկ ուզեց խնդրի մի գոտկալ, մեկ տազ արեց։ Ծատուն տղայի աչքերը այնպես պեծին էին տալիս ունքերի տակ, ասես երկու թեժ ածուխ լինեին։ Երբ մութ եղավ, քնեցին, կինը կամացուկ խնդրեց շապկացու, սիրտ արեց, մոտեցավ մեջքին, բայց Ծատուն տղան երեսը շուռ տվեց, մյուս կողքի վրա պառկեց։ Շուռ եկավ, բարկացած ասեց.

— Լավ, սատկիլ չես...

Ծեգին գնաց, երկու օր հետո եկավ։ Ծատուն տղան էլ ոչխարատեր չէր։ Ոչխարը ծախել էր քաղաքում։ Այն, ինչ երազում էր տեսել՝ դեղին ոսկիներ, հիմա զնգում էր նրա գրպանում։

Չոբանների ձեռքը մի բան դրեց, չոբանները հեռացան, շներն էլ՝ պոչերը կախ, նրանց ետևից, դեպի սարերը թխպոտ։

Եվ երբ երկու օր հետո եկավ, Ծատուն տղան իր հետ քաղաքից տասը ձիու բեռ ապրանք բերեց՝ ճոթ, սապոն, նալ ու մեխ, շաքար։

Մյուս օրը Ծատուն տղան գեղում դուքան ուներ, տան մոտ, մարագի հին շենքում։ Առաջ դժվար թվաց արշին բռնելը, գրվանքա շաքարին աչքը վարժ չէր, ճոթ ու կտորի թոփը բաց անել չէր իմանում, բայց հետո սովորեց։

Նույնիսկ գործը դուր եկավ։ Հանգիստ նստում էր խանութում, նալ ու մեխ էր ծախում և ամեն իրիկուն մտքում հաշիվ անում, թե ինչքան օգուտ ունի։ Էլի առաջվա պես էր մտածում, գյուղացիք, որ ապրանք են առնում իր խանութից, գյուղացիք նրա աչքում էլի ոչխար էին, աղի վրա վազող ոչխար, որ թողնում է կթես, խուզես։