Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/73

Այս էջը հաստատված է

լի և նոր տնկած ծառերը, որոնց վրա մագլցում էր նա այն ժամանակ, երբ ետևն ու առաջը բաց էր։

Մեռնելիս հայրը Թանգուն փալասի մեջ փաթաթած ոսկիներ հանձներ և աչքերը փակելուց առաջ մի անգամ էլ որդուն պատվիրեց ապրանքին լավ խնամել, տան կողքին մի ուրիշ ամարաթ շինել և ընդարձակել այգին։

— Աչքդ բաղին պահիր,— ասաց և աչքերը փակեց։

Ազգ ու բարեկամ լաց եղան, իսկ Թանգին գնաց գոմը նախ հոր թողած, ոսկիները հաշվելու և ապա մի լղար եզ ջոկելու մեռելահացի համար։

Գերեզմանատան ճանապարհը բաղի մոտով էր անցնում։ Վերադարձին Թանգին բաղի դռնակը բաց արեց, ներս մտավ, նայեց ծառերին, և շատ փոքր թվաց նրան հայրական այգին։ Գրպանում զրնգում էր ոսկին, և գրպանի ոսկուց ցոլք էր ելնում, Թանգու աչքերը շլացնում։

Կանգնեց այգում, որպես հաստարմատ ծառ, նայեց պատերից դեն ձգվող պարարտ հողերին, մտքում գծեց մի սահման և այդ սահմանը դրեց իր կյանքի կետ նպատակ։

* * *

Տարիները գլորվում էին որպես անիվներ անտես։

Տարիները արծաթ փոշի էին շաղ տալիս Թանգու մազերի վրա, մի աներևույթ ձեռք նրա դեմքին ակոսներ էր ծրում։

Ասես վերջ չպիտի ունենար ժամանակը Թանգու համար։ Ամեն տարի բերում էր մի քիչ հող, երկու մուրհակ, տոկոսով դիզած արծաթ և սև հողեր պարարտ՝ հասած խմորի պես։

Գյուղում Թանգին հզոր էր, բազուկն ուժեղ, ասածն օրենք։ Խուլ բողոք կար և տրտունջ, թե Թանգին աղքատի պատառն է կուլ տալիս, պայմանագիր է կեղծում, կաշառում օրենքին և զավթում, թաթը դնում մսոտ հողերի վրա, դառնում խան ու սարդար։

Քմծիծաղ էր տալիս Թանգին, երբ ականջին էր հասնում գյուղի խոսքը, ոլորում էր բեղը և ինքնագոհ հայրական