Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/79

Այս էջը հաստատված է

Գալուստը գիտեր, որ գյուղում նորից անհավատ, պապենական ադաթին պինդ կպած մարդ շատ կա։ Այդպիսի բաներ որ պատմում էր, նրանք չէին հավատում, սկսում էին հոհռալ:

— Էլ ի՞նչ կա կազեթում… Կարող ե՞ն արևի՛ց չիբուխս վառեն,— ասում էր մեկը:

— Ասում էլ էին, թե զավոդում կռվեր են շինում,— ծաղրում էր մյուսը,— ո՞ւր ա, կլինի՞ իսկի, կհավատա՞ս դու, Ռուստամ ապեր…

— Չէ՜, ո՜նց կլինի, մարդը չի՛ կարա ստեղծող լինի…-ասում էր Ռուստամ ապերը և Գալուստին խրատ տալիս.

— Էդ կազեթը քեզ հաց չի տա, Գալուստ… Դու տավարիդ հոգսը քաշի, էս ա առաջդ ձմեռ ա գալիս։

2

Գալուստը գիտեր՝ գյուղում ով ի՛նչպես է ապրում։ Ռուստամ ապերը գյուղի ունևորներից էր, բայց նրա տանն էլ մի ձեռքից ավելի փոխնորդ չկար։

— Կեղտոտ են ապրում, ցեխի ու թրիքի մեջ. հիվանդանում են։ Հնար էլ չկա մաքուր լինելու, գյուղացին աղքատ ա, ուժը չի պատում։

— Մեկ ծնվելիս են լողանում, մեկ էլ մեռնելիս,— մտածում էր Գալուստը, և դրությունն ավելի վատ էր թվում նրան, երբ մտաբերում էր այն, ինչ տեսել էր ուրիշ երկրներում, որտեղ զինվորական գերի էր։

Ժողովներում, երբ քաղաքից եկածները խոսում էին հազար ու մի բաների մասին, նորություններ պատմում, Գալուստն ուշադիր լսում էր, մտքում ծանր ու թեթև անում նրանց ասածը և որոշում, թե ո՛րն է գյուղին հարմար և ո՛վ է ավելի լավ մոտենում գյուղի ցավին։

Ինքն էլ էր խոսում։

— Այ, մեզ համար բաղնիք ա հարկավոր, կեղտի մեջին ենք. մեր տավարը խոտ չունի, ճանապարհ չկա… Ցավեր շատ ունենք, բայց մեծ ցավը մեր տավարն ա։ Գեղացին վար ու ցանքով ա ապրում կամ անասունով։ Դե, մեր