Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/90

Այս էջը հաստատված է

-Տե՜ս է՜, արտում ժանգյալ խոտ էլ չի մնացել։ Մեկի արմատն էլ ա չի երևում։ Ա՜յ խոտ ա հա՜… —ասում էին ընկեր ու հարևան։

Նորից էին հարցնում, թե քանի՜ փութ է սերմել, սերմը ո՛րտեղից կարելի է ճարել, հաշիվ էին անում, վարն էլ, սերմի գինն էլ, հարողի փողն էլ, էլի մեկին երկու օգուտ էր մնում։

Գալուստը և՛ խուրձ էր կապում, և՛ պատմում, թե ո՛վ է իրեն պատմել վիկի մասին, թե առաջին անգամ ո՛ր կազեթում է կարդացել, սերմը որտեղի՛ց կարելի է առնել։ Պատմում էր և խրձեր կապում։

— Էս ձմեռ երնեկ քու տավարին, Գալուստ, մերը չոր դարման ա ուտելու, քոնը՝ վիկի խոտ։

Մութն ընկնելու վրա էր, երբ Գալուստը գործը վերջացրեց և սկսեց խուրձերը մեկ-մեկ համարել։ Հարյուր երեսուն խրձից երկուսն էր պակաս։

— Էն երկու խուրձն էլ սրա-նրա պոկածը թող լինի։

Կիսամութին, Գալուստը չուխան ուսին գցած, իջնում էր կածանով և մտքի հետ հաշիվ անում, թե մի օրավարի տեղն ինչքա՜ն խոտ կտար, մի դեսյատին՝ ինչքան։ Հաշիվ էր անում, ծախսերը դուրս գցում, և էլի տակին մնում էր ավելի, քան թե ցորենի արտն է տալիս սարի գյուղերում։

Գութանավորը ծիծաղում էր, երբ վարում էր վիկի տեղը։ Նույն օրը գութանը վիկի կողքին մի արտ էլ էր վարել։ Նրա տեղը ցորեն էր ցանել։

— Համա կլիանա հա՜,— մտածեց Գալուստը։

Արտի մի մասին կարկուտն էր արդեն խփել, իսկ կարկուտից ազատ մնացած մասում ցորենը բոյ չէր քաշել, սեյրակ էր բուսել։

12

Վիկը տուն կրելիս շատերն էին խուրձերին նայում, մատներով խոտը տրորում։ Հարցնում էին, թե քանի՜ խուրձ է, ոմանք չէին հավատում ու Գալուստին կանգնեցնում էին։

— Ա՜յ մարդ, ձեր առաջով չպիտի անցնե՞մ,— ասում էր Գալուստը,— չես հավատում, դե կանգնի մեկ-մեկ համարի։