ԴՐՈԳԱՊԱՆ ԴԵՎՈՆ
1
Ամեն առավոտ խանի դարպասը բացվելիս, ամենից առաջ դրոգապան Գևոն էր դուրս գալիս։ Եվ այնպես արագ, կասես հրապարակի վրա ուղևորները վաղուց էին սպասում նրան։
— Կամա՛ց, տո՛, տակովն արիր,— կասեր խանի տերը, երբ Գևոն դրոգի վրա նստած դուրս գար խանից։
— Կրակի հո չես դնում,— կավելացներ նա։ Իսկ դրոգը, փոշու ամպի մեջ կորած, դռդռալով հրապարակի լայնքն էր կտրում։
Գևոն առավոտ կանուխ մի քանի պտույտ էր անում, դրոգի վրայից ձայն տալիս.
— Մի հոգի, վռազ Երևան էթացող…
Եվ երբ փոքրիկ քաղաքում առավոտ կանուխ մի հոգի վռազ գնացող չէր լինում, Գևոն դրոգը շուռ էր տալիս հրապարակի կողքի նեղլիկ փողոցը և կանգնում ծանոթ միկիտանի առաջ։
Դրոգի վրայից թռնելիս էր նա բարի լույս ասում գիշերն անքուն լուսացրած, դախլի առաջ աչքերը կիսախուփ արած միկիտանչուն, որ նոր էր ջուր շաղ տվել խանութի հողե հատակին և խաշի կճուճի երեսը պինդ ծածկել։
— Մի թաս, վռազ, պասաժիրը չի կայնում,— կասեր Գևոն և ձեռքը կմեկներ տախտակի վրա շարած բաժակներին՝ մեկի պռունկը կոտրած, մյուսն առանց տակ, ապակին ճարպոտ, գինու կարմիր շիթերը վրան։
Ամեն օր Գևոն առավոտ կանուխ պիտի տաքանար օղիով։