Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/95

Այս էջը հաստատված է

էր լռել, մտքում խոսք տալով մյուս անգամ Գևոյի դրոգով չգնալ։

Վերջին ուղևորին տանելիս, նա մյուսներին միշտ էլ ասում էր.

— Ծանոթ տղա յա, բա վեր չունե՞մ… վախիլ միք, ընենց թռցնեմ, որ ըսկի ռեզինի ֆայտոնն էլ չհասնի։ Ձիերս կես փութ գարի են կերել էս գիշեր…

Այդ ասելիս նրա մտրակը շառաչում էր լղար ձիերի մարմնի վրա, ցնցվում էին ձիերը, հանկարծ ձիգ տալիս, դրոգը տեղից շարժում։ Քաշելիս տնքում էին, և եթե մեկը հասկանար նրանց տնքոցը, պիտի ասեր, որ ձիերը համամիտ չեն Գևոյի հնարած պատմության՝ կես փութ գարու մասին: Բայց որովհետև չէին հասկանում ձիերի տնքոցը, դրոգում նստողներից ոմանք առաջին պահ միամտորեն կարծում էին, թե ձիերը, իրոք, հրեղեն են, ռեզինե ֆայտոնից էլ կանցնեն։

Ճանապարհին բավական փոշի կուլ տալուց, անց ու դարձ անող կառքերին նայելուց հետո, նրանք, որոնք առաջին անգամ էին գնում Գևոյի դրոգով,— համոզվում էին, որ դրոգը միայն եզան սայլի առաջն է կտրում և լուռ ու մունջ դրոգի երկաթ ճաղերից բռնած, աշխատում էին հավասարակշիռ նստել, կողքերով ավելի քիչ հրել երկաթ ճաղերին։ Իսկ այդ անխուսափելի էր, որովհետև դրոգն ալեծուփ ծովում լողացող անառագաստ նավի պես ոչ միայն վեր ու վար էր անում, այլև այս ու այն կողքին դառնում։

Հերիք էր, որ ճամփեն մի քար լիներ կամ մի փոքրիկ փոս, անիվները շրխկոցով քարին կպչեին կամ փոսի մեջ ընկնեին, հերիք էր այդ ամենը, որպեսզի դրոգում նստողները խայթվածի պես ցնցվեին, իրար դիպչեին, աղիքները տեղահան լինեին։ Եվ այդ ժխորի մեջ նրանք չէին լսում Գևոյի ձայնը և թունդ հայհոյանքը ճանապարհ շինողի հասցեին։

— Գևո՛, քշի՛ր մեռանք էս շոգին, թոզը մեզ խեղդեց,— ասում էին դրոգում նստողները, հենց որ մի կառք, փափուկ ռեսորների վրա, սուրալով անցնում էր, փոշի անում։

— Հրես քշեմ, էս դարն էլ բարձրանամ։ Դու նրանց քշելուն մի նայի, որտեղ որ ա ձիերը կայնելու են… նրանց ուժը ես գիտեմ,— ասում էր Գևոն, սանձերն իրար տալիս։