Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/104

Այս էջը հաստատված է

հոգոց քաշելով հայտնում, որ վերջ ի վերջո հողն է մարդուն պարտակելու, «Հող էիր և անդրեն հող դարձար»...

Բայց ինքն իր հետ մնալուց, երբ հաշիվ էր տալիս, թե ինչ փոփոխություններ են կատարվել ծուխի մեջ, տերհայրը սոսկում էր և դողացող մատները մեկնում թամբաքուի տուփին։ Իր մանկությունն էր հիշում... Լիություն կար, աղքատը քիչ էր, ամեն ինչ տանից էր դուրս գալիս։ Եվ ինչպե՞ս եղավ, որ գետափի մարագներում մարդիկ բնակություն հաստատեցին... Առաջ այնտեղ խոտ ու դարման էին լցնում։ 10 Ու մի օր էլ գյուղում «հայաստանցի» մի գաղթական եկավ իր մոր հետ։ Ինքը դեռ ջահել քահանա էր, տերտերակինը՝ առաջնակով ծանր։ Մի քանի ամիս գաղթական Նազարն ու մայրն ապրեցին իրենց տան ներքևի հարկում, հետո խնդրեցին մի մարագում տեղ տալ։ Մարագները դեռ կանգուն էին։ Եվ այն օրից մարագների թաղը կոչվեց Ղարիբանոց։ Շալուն Սիմոնի հայրը հիվանդ էր, պարտքատերն եկավ հիվանդի տակից կարպետը քաշեց, եղած պղինձները հավաքեց․ մի հորթ էլ ունեին, այն էլ տարան։ Ինքը գնաց, որ հորդորի, խնդրի... Խոջա Հիբանը պառավ մարդ էր, վրան նեղացավ և ասաց, թե 20 հոգևոր մարդը աշխարհի գործերին չպիտի խառնվի։ Հետո մի քանի հոգի էլ գնացին... Որի տունն էր փլվել, որն էլ հորից բաժանվել և մի կարպետ թևի տակ՝ երեխաների ձեռքից բռնած, գյուղից առանձնանում էր, որ իրեն է՛լ չտեսնեն գյուղամիջում։

Մի անգամ Տեր Նորընծան գնացել էր Ղարիբանոց։ Մեկը մեռնում էր, հաղորդության էր սպասում... Աստված իմ, ի՜նչ աղքատություն... Տկլոր երեխաներ, մի քանի պղինձ, մի կապ ցախ և աթարի մուխով լցված կիսաքանդ մարագ։ Ոչ ծալք ունեին, ոչ փալաս ու կարպետ, երեխաները մտնում էին հարդի մեջ, կուչ գալիս... Ի՞նչ աներ Տեր Նորընծան։ Այդ 30 օրը դառնացած եկավ։ Երեկոյան տիրուհին հիվանդի համար հաց ուղարկեց։ Ինքը մյուս օրը քարոզ կարդաց եկեղեցում, և չվերջացավ, աղքատությունը չվերջացավ... Ղարիբանոցի մի քանի մարագներից բացի, գյուղում էլ կային աղքատ մարդիկ։ Հարևանի տանը երկու ամիս կորեկ հաց էին կերել, մինչև տղան քաղաքից օգնության էր հասել։ Ո՞ւր է վերջը։ Ուրեմն ճիշտ է